«Մի քանի օր առաջ իմ հաշվից անսպասելիորեն ելքագրվել է 25 հազար դրամ, ինչը տարօրինակ էր, քանի որ, ըստ էության, որևէ տենց չկատարած պարտավորություն, իմ իմանալով, չունեի, որը կարող էր հարկադիր կատարման ուղարկվել»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը՝ մանրամասնելով՝ խնդիրն առաջացել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի աշխատանքի հետևանքով և իրենից գումար է գանձվել այն դեպքում, երբ վարչական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չէր մտել։
Թարջիմանյանը շեշտում է՝ խնդիրն առաջացել է ոչ թե տեխզննման գործընթացի, այլ դրա բացակայության հիմքով իր նկատմամբ կազմված վարչական ակտի հետ։ Փաստաբանի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին իր նկատմամբ կազմվել է վարչական ակտ՝ տեխզննման բացակայության պատճառաբանությամբ, որի հետ ինքը չի համաձայնել ու բողոքարկել է։
«Խնդիրն իրականում ոչ թե տեխզննման հետ կապված է եղել, այլ նրա, որ տեխզննում չունենալու պատճառով 2025 թվականի օգոստոս ամսին իմ նկատմամբ վարչական ակտ է կազմվել, որի հետ համաձայն չեմ եղել ու բողոքարկել եմ տվյալ վարչական ակտը»,- ասաց նա։
Փաստաբանը շեշտում է, որ նախորդ տարվանից գործարկվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, և որպես փաստաբան՝ ինքը պարտավոր է հայցերը ներկայացնել հենց այդ համակարգի միջոցով։ Նրա խոսքով՝ վարչական ակտը բողոքարկել է էլեկտրոնային դատավարության համակարգով, սակայն առաջին ատյանի վարչական դատարանը մերժել է հայցը, ինչից հետո ինքն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն, չնայած դրան՝ իր հաշվից 25 հազար դրամը ելքագրվել է։
Թարջիմանյանը տեղեկացրեց, որ դիմել է Հարկադիր կատարման ծառայությանը՝ վարույթի նյութերը ստանալու համար, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ գումարի գանձման հիմքը նույն վարչական ակտն է։ Նրա խոսքով՝ նման խնդիր է առաջացել, քանի որ վարչական ակտը բողոքարկված է եղել և դեռևս օրինական ուժ չէր ստացել, սակայն այդուհանդերձ այն ուղարկվել էր հարկադիր կատարման։
«Ստացվում է՝ վարչական ակտը բողոքարկել եմ, այսինքն՝ այն դեռևս օրինական ուժ չէր ստացել, բայց այդուհանդերձ ուղարկել են ԴԱՀԿ»,- ասաց նա։
Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե տուգանքը վճարեր վարչական ակտի կայացման պահին, կկարողանար օգտվել օրենքով նախատեսված զեղչից և ավելի քիչ գումար վճարել, մինչդեռ այժմ գումարը զգալիորեն ավելացել է՝ պետական տուրքերի և կատարման ծախսերի պատճառով։
Թարջիմանյանը նշեց նաև, որ գրություններ է ուղարկել ինչպես Հարկադիր կատարման ծառայությանը, այնպես էլ Պարեկային ծառայությանը՝ խնդրի պարզաբանման համար։ Նրա փոխանցմամբ՝ Պարեկային ծառայությունը պատասխանել է, որ գումարի վերադարձ հնարավոր չէ իրականացնել, քանի դեռ համապատասխան դատական ակտ չի կայացվել։
«Ես իրենց խնդրել եմ, որ ինձ իրավական նորմ վկայակոչեն՝ ոնց է հնարավոր օրինական ուժ չստացած վարչական ակտը ուղարկել կատարման, դա բավական չէ, մի հատ էլ կատարողական ծախս գանձել»,- ասաց նա։
Փաստաբանը նաև նշեց, որ հետագայում պարեկային ծառայության աշխատակիցը կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ խնդիրը կապված է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի հետ, որը չի արտացոլել վերադասության կարգով ներկայացված բողոքը։ Նրա խոսքով՝ նման խնդիր կարող են ունենալ նաև այլ քաղաքացիներ։
Թարջիմանյանը հավելեց, որ Պարեկային ծառայությունից իրեն տեղեկացրել են՝ գանձված գումարը կվերադարձվի, քանի որ խնդիրը համակարգի տեխնիկական թերության հետևանքով է գանձվել։