Մեծամտությունը հոգեկան անառողջ դրսևորում է։ Այս հիվանդությունը մեծ մասամբ թիրախավորում է «աստղերին»։ Այս պարագայում ասում են, թե «աստղայինը» նրան տարել է։ Առավել վրդովվեցուցիչ է, երբ մեծամտանում է տականքը։
«Մենք գտնվում ենք մի կետում, երբ որ մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք: Պետք է պաշտպանենք շատ պինդ, պետք է պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար»,- մարտի 12-ին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- «Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան: Աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա. գոյություն չունի: Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը անվտանգ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը ապահով Հայաստան է, քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է, և մեր ձևավորված Հայաստանը ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկող Հայաստան է»:
Ինչի՞ մասին է այս ոգեշունչ խոսքը։ Ինչո՞ւ է Փաշինյանին թվում, թե իրենք Հայաստան են ձևավորել։
Կառավարությունը քաղաքականություն է որոշում։ Սա է Կառավարության իրավունքն ու պարտականությունը։ Եվ անհամեստ է, երբ քաղաքականություն որոշողը երևակայում է, թե ինքը ձևավորել է Հայաստանը։ Սա կարելի է որակել մեծամտություն։ Եթե այս հիվանդությունը զարգանա, ապա մի քանի օր անց կարելի է սպասել, որ Փաշինյանը կասի, թե ինքն է ստեղծել Հայաստանը։ Դրանից հետո Հայկ Նահապետի արձանը կհանեն, տեղում իր արձանը կդնեն։
Քաղաքականություն որոշողը, պետության ղեկավարը կարող է փոխել երկրի սահմանները, պետության միջազգային վարկը, տարածաշրջանային ազդեցությունը, պետության քարտեզը, կշիռը։ Բայց սա չի նշանակում, որ նա փոխվել է պետության ձևը, առավել ևս՝ պետություն է ձևավորել։
Հայաստանը 1991-ից անկախ, ժողովրդավարական հանրապետություն է։ Կառավարման ձևը 1991-ից եղել է նախագահական, 2015-ից՝ խորհրդարանական։ Այս առումով՝ Փաշինյանը ոչինչ չի ձևավորել, ինչպես կար, այնպես շարունակվում է։
Փաշինյանի օրոք Հայաստանը նկատելիորեն փոքրացել է, թուլացել, խոցելի դարձել։ Նրա տարածաշրջանային ազդեցությունը փոքրացել է, միջազգային հեղինակությունն ընկել է։ ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ փաստացի զավթված են ադրբեջանցիների կողմից։ Արցախը, որը մի քանի հազար տարի հայկական է եղել, այսօր այնտեղ հայեր չկան։ Մի քանի հազար զոհ է տվել ժողովուրդը Փաշինյանի սխալ որոշումների հետևանքով։ Մի քանի միլարդ դոլարով ավելացել է պարտքը ժողովրդի վրա։ Եթե սա է Փաշինյանի ձևավորած Հայաստանը, ապա այս պատկերը ներողություն խնդրելու ու հեռանալու պատճառ է, ոչ թե մեծամտանալու։
Իսկ ի՞նչ է նշանակում՝ «պետք է պաշտպանենք մեր ձևավորած Հայաստանը»։
Անկհայտ է, որ այս խոսքը վերաբերում է ոչ թե Հայաստանը պաշտպանելուն, այլ ընտրություններում ՔՊ-ի իշխանությունը։ Սակայն Փաշինյանը պետությանն ու ժողովրդին մեծ աղետներ ու կորուստներ է պատճառել իր սխալ որոշումներով։ Եվ ռիսկ կա, որ ժողովուրդը ՔՊ-ին չի ընտրի հունիսի 7-ին։
Այս ռիսկը հաշվի առնելով՝ հորինել են նոր բան՝ «Մեր ձևավորած Հայաստանը»։ Այսինքն՝ խնդրում են ձայն տալ ոչ թե նախկին ֆորպոստի վարչապետին, աղետալի սխալներ գործած մեկին, ՀՀ-ն ռուսական սայլին կապած պահող Փաշինյանին, ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու ու հայրենիքն ազատագրելու մասին չմտածողին, ռուսների շահերը իր գլխից վերև պահողին, այլ «Մեր ձևավորած Հայաստանին»։ Սա վերաբրենդավորում է, որը միտված է շփոթեցնելու մրցակիցներին։
Մյուս կողմից «Մեր ձևավորած Հայաստանը» նման է «Ուժեղ Հայաստանի» «Մեր ձևով» կարգախոսին։ Ենթադրելի է, որ սա Փաշինյանի ու Կրեմլի կողմից հատուկ հորինված ձևակերպում է, որ մրցակցությունը կազմակերպվի ՔՊ-ի և այս նորաթուխ ուժի միջև։ Սակայն այս ձևակերպումը, կրկնենք, վտանգավոր է, քանի որ կարող է հոգեկան առողջության խնդիրներ առաջացնել, ՔՊ-ականները կարող են մեծամտանալ, կորցնել ժողովրդի հետ ընդհանրության զգացումն ու արժանանալ համընդհանուր մերժման։
Պարզ ասած՝ Փաշինյանը գտել է պարտվելու ուղին։ Եթե ՔՊ-ականները հավատան, որ իրենք Հայաստան են ձևավորել, ապա կհիվանդանան մեծամտությամբ, կկորցնեն համարժեքության զգացումը, վերևից կնայեն աշխարհին, իրենց կհամարեն կիսաստված կամ նման մի բան, ու հավանական է, որ հունիսի 7-ին նրանք ծաղրի կարժանանան և կմերժվեն ընտրողի կողմից, կդառնան ընդդիմություն։
Թաթուլ Մկրտչյան