Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 7-ին հրապարակված պոդքաստում ուշագրավ համեմատություն է արել։ «Եվ հիմնական հարցը՝ իսկ ո՞վ դա կարող է անել, մարդ, որը ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե՞ լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ և դեռ որևէ պրակտիկ տեսնակյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել», - ընդգծել է նա։
Այսպիսով՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, առանց անուններ տալու առաջարկում է ընդդիմության շարքերից ընտրություն կատարել իր՝ երկրի կառավարման 10-ամյա փորձով գործչի և նախընտրական ծրագրեր ներկայացնող, բայց դեռևս քաղաքականության մեջ իրեն չդրսևորած ուժի միջև։ Քաղաքագետների կարծիքով՝ ակնարկը վերաբերում է Սամվել Կարապետյանին։
Ինչո՞ւ է Քոչարյանն այսպիսի երկընտրանք առաջարկում իր և Սամվել Կարապետյանի միջև, և ի՞նչ հետևանք կունենա սա։
Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի էլոկտորատը նույնն է։ Երկուսն էլ համարվում են ռուսական թեկնածուներ, երկուսն էլ ակնկալում են ստանալ ռուսամետ ընտրազանգվածի, ռուսական ազդեցության գործակալների քվեները։ Նունիսկ վառ անհատներ կան, որոնք 2021-ին Քոչարյանի թիմում էին, իսկ հիմա «Ուժեղ Հայաստան» են մտել։ Այսպիսով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ առումներով այս երկու ակտորները քաղաքական սպեկտրի նույն հատվածն են ծածկում, չնչին տարբերությամբ։
Ակնհայտ է, որ նրանք կիսելու են այն քվեները, որոնք 2021-ին տրվել են «Հայաստան» դաշինքին, Ռոբերտ Քոչարյանին։ Նույնիսկ կա ռիսկ, որ Քոչարյանը կարող է չհաղթահարել շեմն ու դուրս մղվել կամ մի կերպ անցնել որպես երրորդ ուժ։ Այս մասին որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում ակնարկել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ կանխատեսելով, որ «Հայաստան» դաշինքի փոխարեն այլ ուժ է հայտնվելու խորհրդարանում։ Ու քանի որ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանն, ըստ էության՝ նույն քաղաքական խնդրի համար են մտնում ԱԺ, ապա նրանց փոխատեղումից էական բան չի փոխվի ՀՀ քաղաքականության մեջ։
Այսպիսի փոխատեղումը ձեռնտու է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին, որը, հավանաբար, ուրախությամբ դուրս կգա քաղաքականությունից և անվրդով կշարունակի վայելել իր հարստությունն, ինչպես անում էր նախքան իր դեմ քրեական հետապնդումներ սկսելը։
Բանն այն է, որ քաղաքականությունից դուրս գալն այդքան էլ դյուրին չէ, մանավանդ՝ ռուսական երաժշտության տակ պարողների համար։ Նույնիսկ մեծ ցանկության պարագայում՝ Քոչարյանն ինքնակամ չի կարող խաղից դուրս գալ, տեղը զիջելով Սամվել Կարապետյանին, որն ըստ IRI հարցումների՝ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քան Ռոբերտ Քոչարյանը։ Թերևս սա է պատճառը, որ Քոչարյանը ձևացնում է, թե լուրջ ընտրարշավ է անում, նշում իր առավելությունը, քննադատում նաև Սամվել Կարապետյանին, որ ոչ ոք չկարողանա նրան հանդիմանել ծուլանալու, ակտիվ չպայքարելու համար։
Քոչարյանի այս քննադատությունը, հավանաբար, շարունակություն կունենա։ Ենթադրելի է, որ այն կիջնի շարքեր։ Այսինքն՝ շարքային ՀՅԴ-ականները, հասկանալով, որ Սամվել Կարապետյանը խլելու է իրենց քվեների մի մասը, քարոզչության ժամանակ քննադատության երկրորդային թիրախ են սարքելու Սամվել Կարապետյանին ու նրա թիմակիցներին, շեշտելով նրանց անփորձությունը։ Հակադարձումը ևս հնարավոր է։ «Ուժեղ Հայաստանի» շարքայինները ևս, ենթադրաբար, վատաբանելու են Քոչարյանին, որը նախընթաց տարիներին ձախողվել է, չի կարողացել տապալել Փաշինյանին Մոսկվայի աջակցությամբ։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը մարտի 7-ին բացեց քաղաքական հակամարտության նոր էջ, որի արդյունքում ռուսամետ էլեկտորատը պետք է կողմնորոշվի՝ ում ընտրել հունիսի 7-ին՝ փորձառու Քոչարյանի՞ն, թե՞ մեծ խոստումներ տվող Կարապետյանին։
Հատկանշական է, որ երկուսն էլ հարկադրաբար են ներքաշվել քաղաքականություն, բանտերով անցնելով։ Երկուսն էլ իրենց կամքին հակառակ՝ անպատվաբեր դեր են խաղում՝ ձևացնելով, թե ռուսական գործակալ են, ռուսական շահերը բարձր են դասում, որ տպավորություն ստեղծվի, թե իրենց համեմատ՝ Նիկոլ Փաշինյանը անկախության պաշտպան է, ժողովրդավար գործիչ։ Երկուսն էլ, բնականաբար, ուզում են օր առաջ դուրս գալ խաղից ու զբաղվել իրենց սիրած գործով՝ բիզնեսով, բարիք ու հարստություն ստեղծելով, իրենց ստեղծածը հանգիստ ու անվրդով վայելելով։
Այս պատճառով նրանց միջև հակամարտությունը թեժ երանգ չի ստանա, այսինքն՝ ռուսամետ ընտրողի համար կռիվն արյունալի չի լինի։ Սակայն արդեն բացառվում է, որ նրանք եղբայրաբար կհամագործակցեն, միմյանց կփոխլրացնեն, կօգնեն, որ գրեթե հավասար ձայներով անցնեն ԱԺ։
Թաթուլ Մկրտչյան