Ըստ տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Շիրակի մարզպետարանի շենքը փաստացի օգտագործում է որպես պահեստ։ Ականատեսների փոխանցմամբ՝ վերջին օրերին մարզպետարանի տարածքից տարբեր գույք է տեղափոխվել ՔՊ-ի նորաբաց գրասենյակ։ Թե ինչ գույքի մասին է խոսքը. և ինչ հիմքով է այն դուրս բերվել պետական կառույցից՝ առայժմ որևէ պարզաբանում չկա։
Oragir.News-ի լրագրողը այցելել է ՔՊ նորաբաց գրասենյակ, բայց գրասենյակը ամբողջ օրվա ընթացքում փակ է եղել. աթոռները կան, իրենք չկան։
Այս թեմային օրերս անդրադարձել էր նաև քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։ Մալխասյանի խոսքով՝ նման իրավիճակները վկայում են այն մասին, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ չեն տարբերում պետականը կուսակցականից։ Նրա համոզմամբ՝ պետական կառույցների ռեսուրսները որևէ պարագայում չեն կարող ծառայել կուսակցական շահերին։

«Գրասենյակի բացվելուց մեկ շաբաթ առաջ տեղեկություն ստացվեց, որ մարզպետարանից գույք են տեղափոխում։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ գույք է դա. ես չգիտեմ այդ գույքի ծագումը։ Եթե մարզպետարանի գույքն է, ապա այստեղ շատ հարցեր են առաջանում, ընդհուպ՝ քրեական գործ կարող է հարուցվել։ Ես կասկածներ ունեմ, որ իրենց նախկին գրասենյակից, որը փակվեց, այնտեղի գույքն է։ Ենթադրաբար այդ գույքը տեղավորել են մարզպետարանում և հետո տեղափոխել են իրենց նորաբաց շտաբը։ Այստեղ էլ հարցեր են առաջանում, որովհետև մարզպետարանն օգտագործվել է որպես պահեստ։ Հանրության սեփականությունն օգտագործվել է ինչ-որ կուսակցության համար՝ որպես պահեստ։ Մարզպետը պետք է պարզաբանի, թե ինչ գույք է եղել մարզպետարանում և դուրս է բերվել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մալխասյանը։
Քաղաքագետի խոսքով` այս մարդիկ պետությունն ու իրենց մասնավոր սեփականությունը իրարից չեն տարբերում։
«Իրենց թվում է, որ եթե ունեն իշխանություն, աթոռների են նստած, ուրեմն աթոռն էլ է իրենց սեփականությունը, էդ գույքն էլ, պետական բյուջեն էլ է իրենց սեփականությունը, և ում ինչքան պարգևավճար ուզեն՝ կգրեն։ Էս ամենը իշխանության չարաշահման է նման։ Իրենք շատ առումներով են չարաշահել իշխանությունը»,- ընդգծեց Դերենիկ Մալխասյանը։
Նշենք, որ մինչ այս պահը ոչ Շիրակի մարզպետարանը, ոչ էլ ՔՊ ներկայացուցիչները չեն մեկնաբանել տարածվող տեղեկությունները։