Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 10-03-2026

Փաշինյանը Փարիզում խնձոր է ուտում, Սաշիկ Սարգսյանը հետախուզվում է, ԱՀԾ-ն զգուշացնում է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 10-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյան Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթաժողովին, որի շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ «Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։ Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում», - ասաց Փաշինյանը, ապա շարունակեց․ «Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն այս փուլում ուշադիր ուսումնասիրում է տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ «Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»,- շեշտել է նա։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Փարիզից, որտեղ խնձոր է ուտում։ Նա տեսանյութը վերնագրել է՝ «Apple in Paris»։ «Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում կարկանդակ, եգիպտացորեն, ինչպես նաև քաղցր շարոց էր կերել ու համապատասխան լուսանկարները տարածել համացանցում՝ արժանանալով հանրության լայն շերտերի քննադատությանը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, Հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանները 2001- 2018 թվականներին օգտագործել են իրենց ազդեցությունը, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։ Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը Զինվորական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինածառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ այս գործով պետությանը պատճառված վնասից 54 միլիոնը տարիներ առաջ վերականգնել էր հենց Ալեքսանդր Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: