ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է նավթի համաշխարհային գների աճը զսպելուն ուղղված միջոցառումների փաթեթ, որը ներառում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում և արտակարգ պաշարների կրճատմանն ուղղված գործողությունների համակարգում, հայտնում է Reuters գործակալությունը։
Քննարկումների ընթացքին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ, նշում են, որ այս տարբերակներն արտացոլում են Սպիտակ տան մտահոգությունն առ այն, որ գների կտրուկ տատանումները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների շեմին կարող են վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը քայլեր է ձեռնարկում շուկան կայունացնելու ուղղությամբ։
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել որոշ երկրների նկատմամբ և մտադիր ենք չեղարկել դրանք միայն այն ժամանակ, երբ նեղուցը վերաբացվի», – նշել է նա։
Գործակալության դիտարկմամբ՝ պատժամիջոցների մեղմացումը կարող է ավելացնել նավթի համաշխարհային մատակարարումները, որոնք ընդհատվել էին Իրանի հետ սրվող հակամարտության պատճառով։ Մյուս կողմից, սա կարող է խաթարել Ուկրաինայի դեմ պատերազմից Ռուսաստանի եկամուտների սահմանափակմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Սպիտակ տունը գների արագ նվազեցման լուրջ լծակներ չունի, քանի դեռ Հորմուզի նեղուցով տանկերների տեղաշարժը չի վերականգնվել։
Այս ռազմավարական ջրային ուղով է անցնում համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Ռազմածովային ուղեկցման և ապահովագրության տրամադրման ծրագրերը դեռևս չեն նպաստել նավագնացության զգալի աշխույժացմանը։
«Խնդիրն այն է, որ հնարավոր լուծումները տատանվում են աննշան ու խորհրդանշական քայլերից մինչև ծայրահեղ անտրամաբանական գործողություններ», – հայտնել է Սպիտակ տան հետ կապ ունեցող աղբյուրներից մեկը։