Արտաքին 3 ամիս առաջ - 22:24 09-03-2026

«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարակել․

Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ մարտի 5-ին Ադրբեջանում իրանաֆոբիայի ալիքը նոր թափ ստացավ: Մասնավորապես՝ այն արտացոլվեց Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ Իլհամ Ալիևն սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցրեց իրանական կողմի հասցեին՝ բնութագրելով այն «Նողկալի, անպատիվ, տղամարդուն ոչ հարիր» արտահայտություններով։

Ի՞նչն է վրդովվեցրել Ադրբեջանի նախագահին․․․

2026 թվականի մարտի 5-ին, ըստ ադրբեջանական կողմի, իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի տարածքին։ Նշվեց, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տարածքում, մյուսը՝ Շաքարաբադ գյուղի դպրոցի մերձակայքում: Իր ելույթում Ալիևը տեղի ունեցածը բնութագրեց որպես ահաբեկչություն և Իրանի ղեկավարությունից պահանջեց՝ ներկայացնել համապատասխան բացատրություններ և ներողություն խնդրել:

Ավելին՝ նախագահն «ընգծեց», որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության: Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն գնաց՝ փորձելով անջատողականության սերմեր ցանել Իրանի Ատրպատական նահանգում բնակվող թյուրքախոսների շրջանում։

«Այսօր Իրանում բնակվող «ադրբեջանցիների» հույսն անկախ Ադրբեջան պետությունն է»,- ասել է Իլհամ Ալիևը:

Հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ ադրբեջանական կողմը, ծավալվող իրադարձություններին զուգահեռ, շարունակում է քարոզչական ակտիվ գործունեություն իրականացնել՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառության մեջ դնելով Իրանի Ատրպատական կամ Ազարբայջան նահանգի նկատմամբ տարածքային հավակնություններին վերաբերող թեզերը:

Մասնավորապես՝ ադրբեջանական Musavat.com և Axar.az լրատվականների տելեգրամյան ալիքներում տարածվեցին «Թավրիզի աչքը ճանապարհին է» քաղաքական կարգախոսով գրառումներ: Փաստացի՝ նման հրապարակումներով Ադրբեջանական կողմը տարածքային բացահայտ պահանջների նկրտումներ է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Ալիևի ելույթից հետո Իրանի դեմ ագրեսիան և անհարգալից հայտարարություններն արագորեն տարածվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այսպես՝ «APA» լրատվական գործակալությունը շտապեց դեպքը վերնագրել հետևյալ կերպ՝ «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»:

Երկրի առաջին դեմքի կողմից Իրանին ուղղված խոսքի «բառամթերքի» ընտրությունն ուշադրության արժանացավ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային լրատվամիջոցների կողմից:

Ֆրանսիական «Le Monde» թերթը գրեց. «Ադրբեջանն սպառնում է հակահարված տալ Իրանի «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերի հարվածներին»։ «France 24.com»-ն Ալիևի խոսքերը մեկնաբանեց այսպես՝ «Ադրբեջանը խոստանում է վրեժ լուծել Իրանի «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո»: Իր հերթին՝ ավստրալիական «The Canberra Times»-ը, անդրադառնալով իրադարձություններին, գրեց. «Ադրբեջանական բանակը բերվել է մարտական պատրաստվածության իրանական անօդաչու սարքի ենթադրյալ խոցումից հետո»:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել իրականում․․․Ադրբեջանական կողմը նախ հայտարարեց իրանական 2 ԱԹՍ-ի ընկելու մասին։ Դրան հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ Բաքուն Թեհրանից պահանջեց սեղմ ժամկետներում տալ համապատասխան բացատրություններ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքն ու տուժել է երկու խաղաղ բնակիչ: Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միջադեպի առթիվ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլին հրավիրվեց Արտաքին գործերի նախարարություն, իսկ իրանական կողմը բողոքի նոտա ստացավ: Ժամեր անց հայտարարություն տարածեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կրում է միջադեպի ամբողջական պատասխանատվությունը», և որ «այս հարձակման գործողություններն անպատասխան չեն մնա»:

Այնուհետև ադրբեջանական մամուլում շրջանառվեցին ««Իրանը հարձակումներ է իրականացրել չորս անօդաչու թռչող սարքերով»,- պաշտոնական», «Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն՝ 4 անօդաչու թռչող սարքերի հարձակում…», «Իրանը հարձակումներ է իրականացրել չորս անօդաչու թռչող սարքերով»-Պաշտպանության նախարարություն» վերտառությամբ հրապարակումներ՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Իսկ իրականում քանի՞ ԱԹՍ էր ընկել Նախիջևանի տարածքում, և արդյո՞ք դրանք իրանական էին, մնում է անհայտ․․․

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել