Արտաքին 2 ամիս առաջ - 22:13 09-03-2026

Պատերազմը տիեզերքից․ ինչպես են ոչնչացվում Իրանի ռազմավարական օբյեկտները

Շարունակվում է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը։ Բացառիկ արբանյակային լուսանկարների միջոցով վերլուծել ենք մարտի 1-ից 8-ը տեղի ունեցած թիրախային հարվածների աշխարհագրությունը և ժամանակագրությունը։

Մարտի 1

Կոնարակի ռազմական համալիրի հարվածները

Հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա՝ 2026 թվականի մարտի 1-ին Իրանի հարավ-արևելքում Օմանի ծոցի ափին գտնվող Կոնարակ ռազմական հանգույցը ենթարկվել է լայնածավալ հարվածների։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս բազայի տարածքում զանգվածային ավերածություններ։ Ամբողջությամբ ոչնչացված կամ ծանր վնասված մի քանի շինություններ, վնասված ԱԹՍ արձակման ենթակառուցվածքներ, թիրախավորված ստորգետնյա և վերգետնյա պահեստարաններ։

Այս բազան օգտագործվում էր Իրանի կողմից անօդաչու սարքերի արձակման և օդային հետախուզության համար։ Հարվածից հետո Իրանի կարողությունը այդ ուղղությամբ զգալիորեն սահմանափակվել է։



Հսկայական հարվածներ են հասցվել Կոնարակի ռազմածովային բազային։ Արբանյակային պատկերներում երևում է խորտակված և այրվող իրանական ռազմանավեր, լուրջ վնասված նավամատույցներ, ավերված սպասարկող շենքեր և ենթակառուցվածքներ, պայթյունների և հրդեհների հետքեր ամբողջ բազայի տարածքում։ Հարվածները եղել են բարձր ճշգրտությամբ և թիրախավորել են նավերը հենց նավահանգստում՝ կաթվածահար անելով տվյալ գոտում Իրանի ռազմածովային գործողությունները։



Մարտի 1-ին, նույն օրը, տեղի է ունեցել նաև միջամտություն ԱՄԷ-ում գտնվող Al Ruwais THAAD ռադարային կայանի նկատմամբ, որը հանդիսանում է տարածաշրջանում բալիստիկ հրթիռների հայտնաբերման կարևորագույն տարր: Արբանյակային լուսանկարները ցույց են տվել հնարավոր վնասներ կայանի տարածքում, և Իրանի պետական աղբյուրները հայտարարել են, որ այն թիրախավորվել է հրթիռային հարվածով։ ԱՄՆ-նպաշտոնապես չի հաստատել ռադարի լիակատար ոչնչացման փաստը, սակայն հարվածը, եթե իրական էր, ժամանակավորապես կարող էր թուլացնել ԱՄԷ-ի և այնտեղ տեղակայված ԱՄՆ ուժերի պաշտպանությունը, բացելով հնարավորություններ հետագա հարվածների համար:



Այս ամենը մեկ օրում՝ մարտի 1-ին, հանգեցրել է հետևանքների. Կոնարակի ռազմական համալիրի ոչնչացումը զրկել է Իրանին Օմանի ծոցի ռազմավարական հատվածում օդային և ծովային վերահսկողությունից, իսկ Al Ruwais ռադարի թիրախավորումը կարող էր ազդել տարածաշրջանի ՀՕՊ համակարգերի արդյունավետության վրա:

Մարտի 2

Պարսից ծոցի և Իրանի ռազմավարական օբյեկտների թիրախավորում


2026 թվականի մարտի 2-ին Պարսից ծոցում և Իրանի տարբեր ռազմավարական վայրերում տեղի է ունեցել համակարգված ռազմական գործողությունների շարք, որը ընդգրկել է ծովային, օդային և սահմանամերձ ռազմավարական օբյեկտներ:

Նավերի կուտակում Պարսից ծոցի մոտ

Արբանյակային ռադարային պատկերները (Soar SAR) ցույց են տալիս պատերազմի հետևանքով կուտակված առևտրային նավեր՝ տանկերներ և բեռնատարներ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ:Կուտակման պատճառը հստակորեն կապվում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև վերջին էսկալացիաների հետ, որոնք բարձրացրել են անվտանգության ռիսկերը տարածաշրջանում: Պարսից ծոցը էներգետիկ կարևորագույն նավահանգույց է, ուստի նավերի կուտակումը վկայում է ռազմական վտանգի և նավարկության դանդաղեցման մասին: Նման խցանումները անմիջապես ազդում են նավթի համաշխարհային գների և լոգիստիկ ծախսերի վրա:



Չահբահար ռազմածովային բազա

Մարտի 2-ին իրականացվել է օդային հարված Չահբահարի ռազմածովային բազայի վրա, որի արդյունքում արբանյակային պատկերների համաձայն վնասվել են առնվազն 14 տարբեր կետեր:Հարվածի հետևանքով մի շարք շինություններ ամբողջությամբ սևացել են հրդեհների կամ պայթյունների հետևանքով: Չահբահարն Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստն է Հնդկական օվկիանոսի մուտքի մոտ, ուստի հարվածը կենսական նշանակություն ունի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական տեսանկյունից: Այս հարվածը բացատրում է նախորդ պատկերներում նկատված նավերի կուտակումը Պարսից ծոցում՝ ծովային երթևեկության կաթվածահար լինելու պատճառով:



Ras Tanura նավթավերամշակման գործարան

Մարտի 2-ին տեղի է ունեցել նաև միջազգային նշանակության թիրախավորում՝ Ras Tanura նավթավերամշակման գործարանի վրա: Նավթային համալիրում առկա են լայնածավալ կառուցվածքային ավերածություններ և ցրված բեկորներ։ Թիրախավորումը ցույց է տալիս հակամարտության արագ տարածումը Իրանի սահմաններից դուրս և կարող է առաջացնել նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներ:Նավթի արդյունահանման և Պարսից ծոցի նավերի կուտակման հետ միասին սա ցույց է տալիս, որ մարտի 2-ին հակամարտությունը ազդել է թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ենթակառուցվածքների վրա:



Չոկա Բալկ ռազմական համալիր

Մարտի 2-ին թիրախավորվել է նաև Չոկա Բալկ ռազմական օբյեկտը, որը գտնվում է Իրանի արևմտյան հատվածում: Ավերվել են սպասարկող շինություններ, ստորգետնյա բունկերներ և ԱԹՍ-ների արձակման սարքավորումներ: Հարվածը նվազեցնում է ԱԹՍ-ների արձակման հնարավորությունը արևմտյան սահմանամերձ գոտում և խաթարում է զինամթերքի և լոգիստիկ պաշարների օգտագործման ունակությունը: Սա լրացնում է Մարտի 2-ի պատկերը, որ հարվածները իրականացվել են ոչ միայն ծովային կամ ափամերձ օբյեկտների վրա, այլև երկրի խորքային և սահմանամերձ ռազմական կենտրոնների վրա:



Մարտ 3

Մարտի 3-ին Իրանում շարունակվել են համակարգված օդային հարվածները, որոնք միաժամանակ հասցվել են երկրի հյուսիսային, արևմտյան և կենտրոնական ռազմավարական օբյեկտներին, ինչպես նաև տարածքային և տնտեսական հանգույցներին:

Թավրիզի լոգիստիկ կենտրոն

Հարվածի է ենթարկվել Թավրիզի լոգիստիկ կենտրոնը, ինչի հետևանքով վնասվել են բազմաթիվ շենքեր և արտադրական կառույցներ։ Սա խաթարել է Հյուսիսային Իրանի մատակարարման և արդյունաբերական շղթաները և ցույց է տալիս, որ հակամարտությունը տարածվել է երկրի հյուսիս:



Քերմանշահի հյուսիսային հրթիռային բազա

Քերմանշահի հյուսիսային հրթիռային բազան նույնպես թիրախավորված է եղել։ Վերգետնյա կառույցները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, ինչը կրճատում է Իրանին հրթիռային հարվածներ իրականացնելու հնարավորությունը արևմտյան հատվածում։



Դուբայի ափամերձ շրջան

Պատկերից երևում է առևտրային և նավթակիր նավերի մեծ կուտակումներ, նավերը կամ կանգնած են կամ դանդաղ են շարժվում։



Թեհրանի Irib District 3

Երկրի կենտրոնում՝ Թեհրանում, հատուկ ուշադրության են արժանացել պետական և ռազմական նշանակության օբյեկտները։ Irib District 3-ի վրա հարվածներն առաջացրել են շենքերի փլուզումներ և հրդեհներ՝ խաթարելով քաղաքի կառավարական ու անվտանգության ենթակառուցվածքները։



Սպահանի հյուսիսային հրթիռային բազա

Սպահանի հրթիռային բազային և սպասարկման շենքերին վնաս է հասցվել։ Սա նպաստել էհրթիռների պատրաստության գործընթացի խափանման, կենտրոնական ռազմական հանգույցի թուլացման։



Թավրիզի հրթիռային բազա

Հյուսիսում էլ Թավրիզի հրթիռային բազան վնասվել է ամբողջությամբ՝ ռադոմները և պաշտպանական խառնարանները վնասվել են, ինչը թուլացնում է հյուսիսային օդային տարածքի վերահսկողությունը և հակահարված տալու հնարավորությունը։



Մարտի 4-ի իրավիճակը Իրանում

Մարտի 4-ին շարունակվել են համակարգված հարվածները, որոնց թիրախում գտնվում էին ռազմական, ռազմածովային և քաղաքացիական օբյեկտներ հարավային, կենտրոնական և մայրաքաղաքային հատվածներում։

1Shajareh Tayyebeh դպրոց, Մինաբ (հարավային Իրան)

Դպրոցի շենքերը ամբողջությամբ ավերվել են հարվածների արդյունքում (ավերածությունները տեղի են ունեցել փետրվարի 28-ին, սակայն լուսանկարները հասանելի են դարձել մարտի 4-ին)։Սա հստակ քաղաքացիական թիրախ է՝ ցույց է տալիս հակամարտության հումանիտար հետևանքները և երեխաների անվտանգության վտանգը։ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն խստորեն դատապարտել են այս հարվածը, շեշտելով քաղաքացիական անձանց պաշտպանության կարևորությունը։



Բանդար Աբասի ռազմական նավահանգիստ, Հորմոզգան նահանգ

Իրանի հիմնական ռազմածովային կենտրոնը և Հորմուզի նեղուցի վերահսկման առանցքային բազան վնասվել է։ Հարվածները թիրախավորել են Բանդար Աբաս ռազմական նավահանգստինավամատույցներն ու ռազմավարական պահեստային տարածքները, լրջորեն վնասվել են նավերի սպասարկման և ռազմավարական պաշարների պահպանման ենթակառուցվածքները։Սա փաստացի խափանում է Իրանի հարավային ռազմական կապերը և նավթի հիմնական երթուղիների վրա ազդելու հնարավորությունը։



Վալիասր զորանոցներ, Սեպահ հրապարակ, Թեհրան

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռազմավարական զորանոցներն ու անվտանգայինօբյեկտները նույնպես թիրախավորված են եղել։Արբանյակային տվյալները ցույց են տալիս մեծածավալ վնասներ զորանոցների տարածքում։Սա ընդգծում է, որ մարտի 4-ի հարվածների շարքը շարունակել է կենտրոնանալ Թեհրանի և երկրի պաշտպանական համակարգի հիմնական հանգույցների վրա։



Մարտի 5-ի իրադարձություններ՝ Իրանում և ԱՄԷ-ում

Բուշեհրի միջազգային օդանավակայան, Իրան

Օդանավակայանը հրդեհվել է, լուսանկարում երևում է խոշոր ծուխ։ Սա կարևոր տրանսպորտային հանգույց է և կապված է ատոմակայանի հետ, ինչը մարտական գործողությունները դարձնում է վտանգավոր։ Հարվածը նպատակ է ունեցել սահմանափակել Իրանի օդային տեղաշարժերը և ռազմական լոգիստիկան Պարսից ծոցի հարավարևելյան հատվածում։



Ֆուջեյրայի նավթային արդյունաբերական գոտի, ԱՄԷ

Հարձակման արդյունքում այրվել են առնվազն երկու նավթային պահեստարան, բարձրացել է մեծ սև ծխի սյուն։ Նավթային ենթակառուցվածքները լուրջ վնասվել են, ինչը սպառնում է տարածաշրջանի և համաշխարհային էներգետիկ անվտանգությանը։Սա ցույց է տալիս, որ մարտի 5-ին ռազմական գործողությունները տեղի են ունեցել միաժամանակ Պարսից ծոցի երկու ափերում՝ Իրանում և ԱՄԷ-ում։



Մարտի 6-ի իրադարձություններ՝ Իրանում և Սուեզի ջրանցքում

Ռազմածովային խմբավորում Սուեզի ջրանցքում (ԱՄՆ)

ԱՄՆ ավիակիր USS Gerald R. Ford գլխավորած հարվածային խմբավորումը մտել է Սուեզի ջրանցք։Նավերը շարժվում են դեպի Մերձավոր Արևելք՝ պատասխանելով Իրանի դեմ գործողություններին։Սա նոր փուլ է՝ հնարավոր լայնածավալ օդային և ծովային գործողություններով։



Շիրազի միջազգային օդանավակայան, Իրան

Իրանի Ֆարս նահանգի Շիրազի օդանավակայանում հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել է ռազմավարական Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռ։ Ինքնաթիռնամբողջությամբ այրվել է, բայց թռիչքուղիները և տերմինալները չեն վնասվել՝ հարվածի ճշգրիտ բնույթի վկայություն։ Թիրախավորումը խափանել է Իրանի հարավային ճակատի զորքերի և բեռների արագ տեղափոխումը, սահմանափակել մատակարարման կարևոր ուղիները։ Այս հարվածը տեղի է ունեցել միաժամանակ ԱՄՆ ավիակիր խմբի՝Սուեզ մուտքի հետ, ինչը շարունակում է Իրանի շուրջ ռազմական ճնշման շղթան։



Մարտի 7

Բուշեհրի ռազմածովային բազա, Իրան

2026 թվականի մարտի 7-ին հզոր հարձակման է ենթարկվել Բուշեհրի ռազմածովային բազան, որը գտնվում է Պարսից ծոցի ափին և սպասարկում է Իրանյան ատոմակայանը։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հարվածների արդյունքում ավերվել են բազայի հիմնական շենքերը՝ կառավարման և սպասարկման կենտրոնները։ Փլուզված տանիքները և պայթյունի հետքերը երևում են նավամատույցների և տեխնիկական հատվածներում։ Թիրախները ընտրվել են այնպես, որ արդյունավետորեն շարքից դուրս բերվեն կարևորագույն ենթակառուցվածքները։

Այս հարվածը նախորդ երկու օրերին Բուշեհրի օդանավակայանի թիրախավորման հետ միասին գրեթե մեկուսացրել է քաղաքը և Իրանի ռազմածովային ուժերին Պարսից ծոցում։ Իրանի ծովային կարողությունները համակարգված կերպով վնասվել են, և այս քայլը ընդգծում է տարածաշրջանում ռազմական լանդշաֆտի էսկալացիան՝ ԱՄՆ ավիակիր խմբավորման մոտեցման ֆոնին։



Մարտի 8

Սպահանի «Բադր» ավիաբազայի հարվածը

2026 թվականի մարտի 8-ին գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է «Բադր» ավիաբազան, որը ռազմավարական նշանակության է։ Հարվածի հիմնական թիրախը եղել է Shahed-136 անօդաչու թռչող սարքերի արտադրամասը։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս արտադրական համալիրը և հարակից շինությունները հիմնահատակ ավերված, մնացել են միայն փլատակներ և պայթյունի հետքեր։ Հարվածները իրականացվել են մեծ ճշգրտությամբ՝ չվնասելով քաղաքային ենթակառուցվածքները, ինչը վկայում է վիրահատական հարվածի մասին։



Սպահանի ռազմական կայազորի ոչնչացումը

Մարտի 8-ին Սպահանի ռազմական կայազորն նույնպես թիրախավորվել է։ Արբանյակային պատկերները փաստագրում են, որ կայազորի կենտրոնական շենքերը և ենթակառուցվածքները վերածվել են փլատակների։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի խոշոր ռազմական կենտրոններից մեկը գրեթե ամբողջությամբ կազմալուծվել է՝ հանելով զորքերի տեղակայման և կառավարման հնարավորությունները։



Իրանի ԱԹՍ-ների արտադրության վնասում

«Բադր» ավիաբազայի և կայազորի միաժամանակյա խոցումը փաստում է, որ Սպահան նահանգում Իրանի ռազմավարական կարողությունները հսկայական կորուստներ են կրել։ Shahed-136 ԱԹՍ-ների արտադրության համալիրը ոչնչացվել է, ինչը երկար ժամանակով կաթվածահար է անում Իրանի զինանոց համալրման կարողությունը։

Մարտի 8-ի իրադարձությունները եզրափակում են մարտի առաջին ութ օրերի ինտենսիվ ռազմական գործողությունների շարքը։ Արբանյակային լուսանկարները փաստագրում են, որ Իրանի պաշտպանական համակարգը բոլոր ուղղություններով՝ օդային, ցամաքային և ծովային, մասամբ կամ ամբողջությամբ կազմալուծվել է։