Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 22:00 03-03-2026

Նախկին խմբագրի օրոք լրագրողներին ավելի շատ են ճնշում, քան երբևէ. Արմինե Օհանյան

Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է այն պետությունների շարքում, որտեղ արձանագրվել է լրագրողի ձերբակալություն։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կառույցի՝ Լրագրողների անվտանգության պլատֆորմի տարեկան զեկույցում։

Oragir.News-ն այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանից։ Վերջինս նշեց, որ Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների վիճակը վերջին տարիներին էապես վատթարացել է։

«Չեմ կարծում, որ պետք է եվրոպացիները գան ու ասեն, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի լրագրողները և լրատվամիջոցները երբեք այսքան դժվարություններ չեն ունեցել իրենց առօրյա աշխատանքի մեջ, որքան ունեն Նիկոլ Փաշինյանի՝ նախկին խմբագրի օրոք։ Դա ակնհայտ է։ 2018 թվականից հետո գուցե մի շրջան դեռ պատրանքներ կային, մտածում էին՝ վիճակն այդքան էլ վատ չէ։ Բայց տարեցտարի ճնշումները մեծացան, աշխատանքը դարձավ ավելի դժվար»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այսօր արդեն բազմաթիվ կոնկրետ փաստեր վկայում են ժողովրդավարությունից նահանջի մասին։

«Մենք ունենք հավատարմագրումից զրկված լրագրողներ, ունենք լրագրողների նկատմամբ հարձակումներ, ֆեյսբուքյան արշավներ նրանց դեմ, հիմա նաև ունենք կալանավորված անձինք, որոնք լրագրողական գործունեության պատճառով են կալանավորված։ Երբ այս բոլոր փաստերը իրար կողքի ենք դնում, ակնհայտ է դառնում, որ ճնշումները մեծ են, ազատ խոսքի մեծ նահանջ կա, ժողովրդավարությունից մեծ նահանջ կա»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով մամուլի տնտեսական վիճակին՝ նա նշեց, որ պետական քաղաքականությունն ազդեցություն է ունեցել տպագիր մամուլի վրա։

«Նախկին իշխանությունները որքան էլ ճնշումներ գործադրեին, պետական կառույցները բաժանորդագրվում էին մեր թերթերին։ Դա ընդունված, անխախտ կանոն էր։ Այս իշխանության գալուց հետո՝ ութ տարի առաջ, պետական բոլոր գերատեսչություններին արգելվեց թերթերի բաժանորդագրումը։ Ու հետո հարցնում են՝ ինչո՞ւ են տպաքանակները նվազում, ինչո՞ւ է թերթի վաճառքը նվազել։ Տեսեք, թե քանի թերթ է փակվել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գործող օրաթերթեր կային, որոնք հիմա չեն տպագրվում։ Մենք էլ մեր տպաքանակն ենք նվազեցրել, որ կարողանանք գոյատևել։ Հարյուրավոր փաստեր կարելի է բերել, թե որքան վատ է այսօր լրագրողի և լրատվության վիճակը երկրում»,- ընդգծեց նա։

Հարցին՝ որքանո՞վ կարող է զեկույցը ազդեցություն ունենալ իշխանությունների գործելաոճի վրա, Օհանյանը թերահավատություն հայտնեց։

«Չեմ կարծում, որ ուղիղ կերպ կազդի։ Եթե ավելի բարձր մակարդակներում՝ Եվրամիությունից, Ամերիկայից, եվրոպական երկրներից աջակցություն է ստանում, ապա որևէ կազմակերպության զեկույցը մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Վստահ չեմ, որ դա որևէ կերպ կազդի»,- նշեց գլխավոր խմբագիրը։

Արմինե Օհանյանի խոսքով՝ իշխանությունն արդեն անցել է կարմիր գծերը։

«Այս մարդը շատ ռուբիկոններ է անցել, իր համար արդեն էական չէ՝ ով ինչ կմտածի։ Եթե կարելի է եկեղեցու դեմ արշավ անել, ինչո՞ւ չի կարելի լրատվամիջոցների դեմ ճնշումներ գործադրել, լրագրողներ ձերբակալել»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետը մասնագիտությամբ լրագրող է, Օհանյանը նշեց, որ այդ փաստը ոչ միայն չի զսպում, այլև կարող է հակառակ ազդեցություն ունենալ։

«Այդ փաստը, երևի, ավելի շատ նպաստում է, որովհետև նա լավ է հասկանում լրագրության, ազատ խոսքի ուժը։ Գիտի, որ մարդիկ լրագրությունից կարող են անցնել քաղաքականություն, կարող են հեղափոխություն անել։ Նա այս ամենը շատ լավ պատկերացնում է և փորձում է դրա դեմն առնել»,- ասաց նա, համոզմունք հայտնելով, որ Փաշինյանի համար իշխանությունը պահելու հարցում արժեքներն առաջնային չեն։

«Մենք տեսնում ենք, որ մարդը պատրաստ է ամեն ինչի իշխանություն պահելու համար։ Ո՛չ սկզբունքներ, ո՛չ հայացքներ, ո՛չ խոստումներ, ո՛չ արժեքներ խոչընդոտ չեն։ Ես վստահ եմ, որ նա մոռացել է, որ երբևէ խմբագիր է եղել։ Իր կենսագրությունը սկսել է 2018 թվականից, և հիմա լրիվ ուրիշ մարդ է»,- եզրափակեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։