Շիրակի մարզի Փոքրաշենի գյուղի դպրոցը փակվողների ցուցակում է։
Փոքրաշեն գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել․ բնակիչները ստորագրահավաք և բողոքի ակցիա են սկսել՝ ընդդեմ գյուղի դպրոցի օպտիմալացման։ Դպրոցը, որն ունի ընդամենը 21 աշակերտ, նախատեսվում է փակել օպտիմալացման ծրագրի շրջանակում։
Գյուղացիների խոսքով՝ կրթօջախի փակումը լուրջ հարված կլինի համայնքին։ Նրանք մտավախություն ունեն, որ երեխաները ստիպված կլինեն ամեն օր հարակից գյուղ գնալ՝ դպրոց հաճախելու համար, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու թե՛ տրանսպորտային, թե՛ անվտանգության առումով։
«Իրենք չեն կարող 12 տարի տրանսպորտով ապահովել, որ իմ երեխան կողքի գյուղում դպրոց գնա»,– Oragir.News-ի հետ զրույցում ասում է ծնողներից մեկը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ որևէ հստակ երաշխիք չեն տեսնում։
Բնակիչները նշում են, որ դպրոցը գյուղի կենսունակության կարևոր բաղադրիչներից է, և դրա փակումը կարող է խթանել արտագաղթը։ Ստորագրահավաքը շարունակվում է, իսկ գյուղացիները պահանջում են վերանայել որոշումը։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության մշակած դպրոցների օպտիմալացման ծրագրով` Շիրակում և Սյունիքում փակվելու են գյուղական 5 դպրոցներից 2-ը։ Սյունիքի և Շիրակի մարզերում ամենամեծ թվով դպրոցները կփակվեն` 48 դպրոց Սյունիքում և 48 Շիրակում։
Հիշեցնենք, որ 2026 թ.-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվում է փակել 232 հանրակրթական դպրոց՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Շիրակի մարզում փակվող դպրոցներից միայն մեկը` Գյումրու թիվ 43 դպրոցն է, որը գտնվում է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը գտնվում են սահմանամերձ և լեռնային գյուղերում և տվյալ բնակավայրի միակ դպրոցն է։ Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ 279 աշակերտով։
Մանրամասները` տեսանյութում․