Ներքին 3 ամիս առաջ - 15:45 28-02-2026

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի օր է անցկացվել

Վատիկանում փետրվարի 27-ին Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։

Հայտնում է Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքական պատվիրակի գրասենյակը։

«Երեկ՝ փետրվարի 27-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամարների ներքո կրկին հնչեցին հայոց շարականներն ու աղոթքները՝ վերարթնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այստեղ լուսահոգի Ֆրանկիսկոս պապի նախագահությամբ մատուցված հիշարժան և պատմական Սուրբ Պատարագի հիշատակը։

Գրեթե տասնմեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած այդ հանդիսավոր արարողության ընթացքում Սրբազան Քահանայապետը նաև հռչակել էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ՝ նրան անվանելով «վարդապետների համաստեղության մեջ փայլող աստղ»։

Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետը՝ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ միասին, օրհնեց Վատիկանի պարտեզում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։

Երեկվա երեկոյան ժամերգությունը կատարվեց հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակության օրը, որը նույն Ֆրանկիսկոս պապի որոշմամբ 2021 թվականին ընդգրկվել է նաև Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում։

Արարողությանը հաջորդեց պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանի և ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի՝ 2025 թվականի նոյեմբերին լույս տեսած «Նարեկացի» վավերագրական ֆիլմի պրեմիերան Վատիկանի ֆիլմադարանում։

Երեկոյան ժամերգությունը նախագահեց Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողությանը մասնակցում էին Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների բաժնի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման բաժնի քարտուղար արքեպիսկոպոս Ֆլավիո Պաչեն, Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայրերը, Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տեսուչը՝ երգչախմբի մասնակցությամբ, Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվներ Ներսես աբեղա Հարությունյանը և Աթանաս աբեղա Սարգսյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլը և այլ քրիստոնյա հարանվանությունների եկեղեցականներ։

Ներկա էին նաև Վատիկանում և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպաններ Բորիս Սահակյանն ու Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և հյուրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ