Իրանի շուրջ լարվածությունը նոր թափ է հավաքում՝ Իսրայելի գործողություններից հետո ակտիվացել են քննարկումները նաև Միացյալ Նահանգների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ Ի՞նչ ռազմավարություն կարող է ձևավորվել Վաշինգտոն–Թել Ավիվ առանցքում, և արդյո՞ք տեղի ունեցողը կապված է միայն Իրանի միջուկային ծրագրի հետ։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
Քաղաքագետի խոսքով՝ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, հաշվի է առել Իրաքի պատերազմի փորձը և դրա հետևանքով առաջացած ներքաղաքական ու արտաքին քաղաքական բարդությունները։
«Միացյալ Նահանգներում հաշվի են առել Իրաքի դեմ հարձակման նախորդ փորձը, երբ վարչակազմը լուրջ քննադատության արժանացավ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարթություններում»,– նշեց նա։
Պողոսյանի գնահատմամբ՝ վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները հիշեցնում էին ռազմական գործողություններից առաջ ձևավորվող դիվանագիտական ակտիվ փուլը։
«Այն, ինչ կատարվում էր վերջին ամիսներին, շատ նման էր ռազմական գործողությունների նախօրեին ստեղծված իրավիճակին, երբ բանակցություններ էին ընթանում և խոսվում էր նոր միջուկային համաձայնագրի մասին»,– ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ նախորդ փուլում ևս առաջին հարվածը հասցրել էր Իսրայելը, իսկ ԱՄՆ-ն ավելի ուշ էր ներգրավվել գործընթացներում։
Նրա համոզմամբ՝ Իրանի շուրջ ընթացող գործընթացները չեն սահմանափակվում միայն միջուկային կամ հրթիռային ծրագրերով։
«Այս խնդիրը կապված չէ միայն Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրի հետ, այն ավելի լայն ռազմավարության մաս է՝ Միացյալ Նահանգների դիրքավորման առումով Եվրասիայում և հատկապես Մերձավոր Արևելքում»,– ընդգծեց Պողոսյանը, հավելելով, որ նման ռազմավարության շրջանակում օրակարգային կարող է լինել Իրանում համակարգային իշխանափոխության հարցը, որից հետո Իրանը կարող է կրկին դառնալ ԱՄՆ դաշնակիցը։
Անդրադառնալով հնարավոր սցենարներին՝ քաղաքագետը նշել է, որ թե՛ Իսրայելը, թե՛ Միացյալ Նահանգները չեն ձգտում երկարատև պատերազմի։ «Ո՛չ Իսրայելը, ո՛չ Միացյալ Նահանգները պատրաստ չեն Իրանի դեմ երկարատև և լայնամասշտաբ պատերազմի, այդ պատճառով առաջնահերթությունը տրվում է արագ և կետային հարվածներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է Channel 12-ը։
Թեհրանում երեք պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական Fars գործակալությունը: Իրանական Tasnim գործակալությունը հաստատում է Թեհրանում տեղի ունեցած պայթյունները և հայտնում Իսրայելի կողմից հարձակման մասին։