89-ամյա Ռիտա Սիմոնյանը ահազանգում է՝ արդեն տասը օրից ավելի է, ինչ Գյումրիի Եսայան փողոցում վնասված կոյուղատար խողովակից հոսող կեղտաջուրը անցնում է իր տան տակով։
Տարեց կինը պատմում է, որ խնդրի մասին տեղեկացրել են ջրամատակարար ընկերությանը, սակայն մինչ օրս որևէ քայլ չի արվել։ «Կոյուղաջուրը տանս տակ կլցվի, կըսեն՝ ձեր ուժերով սարքեք, բայց ընձի փող ո՞ւրդից։ 300.000 դրամ ունենամ, տանս կռիշը կսարքեմ»,- ասում է Ռիտա տատը՝ փաստացի կանգնելով անհաղթահարելի ծախսի առաջ։
Բնակիչների խոսքով՝ իրենց փոխանցել են, թե խնդրի կարգավորումը պետք է իրականացվի սեփական միջոցներով։ Մինչդեռ կոյուղու ջուրը շարունակում է հոսել, իսկ փողոցի բնակիչները արդեն ավելի քան տասը օր ստիպված են ապրել գարշահոտության պայմաններում։
Փորձեցինք կապ հաստատել Վեոլիա Ջուր ընկերության Շիրակի մասնաճյուղի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Եսայան փողոցի բնակիչներին ևս հստակ պատասխան չի տրվել՝ ո՞վ և ե՞րբ է պատրաստվում վերացնել խնդիրը։
89-ամյա կնոջ տան տակ հոսող կոյուղաջուրը շարունակում է մնալ ոչ միայն կենցաղային անհարմարություն, այլև առողջական լուրջ ռիսկ՝ մի ամբողջ փողոցի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։