Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:49 27-02-2026

Աննախադեպ թանկացումներ և անորոշություն․ պետությունը ձեռքերը լվացել է

Հայաստանում գնաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացումների թեման շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում։

Խանութներում գների աճը, ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, աննախադեպ է։ Նրա համոզմամբ՝ հատկապես այն ապրանքների դեպքում, որոնց գնագոյացումը ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում, պետությունը պարտավոր է իրականացնել վերահսկողություն։

«Մեծ-մեծ չխոսենք, թե համաշխարհային շուկայի գներն են ազդում։ Պետությունը պարտավոր է վերահսկել գները և գնագոյացման ամբողջ գործընթացը։ Եթե կա պետություն, ապա պետք է իրականացնի երկու գործառույթ՝ կարգավորիչ և վերահսկիչ։ Եթե ոչ մեկը, ոչ մյուսը չի իրականացվում, գնագոյացման այս ցատկերը անխուսափելի են»,- ասում է տնտեսագետը։

Պաշտոնական տվյալներով՝ գնաճը ներկայացվում է որպես վերահսկելի, սակայն տնտեսագետը կասկածի տակ է դնում այդ գնահատականների իրական ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա։ «Ասում են՝ գնաճը վերահսկելի է։

Իհարկե, վերահսկելի է, որովհետև հաշվարկվում է մոտ 500 ապրանքների և ծառայությունների միջինացված գներով։ Բայց այդ 500 ապրանքատեսակները մենք ամեն օր չենք օգտագործում։ Իրականում առաջին անհրաժեշտության 10–11 ապրանքախմբերի գներն աճել են երկնիշ տոկոսներով»։

Նրա գնահատմամբ՝ նույնիսկ վիճակագրական ցուցանիշները չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական պատկերը։

«Պատկերը շատ հստակ է։ Նույնիսկ վիճակագրական «գեղանկարչությունը» չի օգնում այն մեղմ ներկայացնել,- ասում է Մանասերյանը՝ նշելով, որ խնդիրը կառավարման մեջ է։- Ես սովորաբար նման կատեգորիկ բառեր չեմ սիրում օգտագործել, բայց կարելի է եզրակացնել՝ սա անտերություն է։ Պետությունը տնտեսության մեջ ձեռքերը լվացել է»։

Նա հիշեցնում է, որ երկրում գործում են մի շարք պատասխանատու կառույցներ՝ Մրցակցության հանձնաժողով, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե. «Եթե այսքան կառույցներ կան, ինչո՞վ են զբաղված, եթե գները չեն կարողանում վերահսկել։ Սահմանին բեռնատարներ են կանգնած տասնյակ օրերով։ Այդ մարդիկ ընտանիքներ ունեն, բիզնես ունեն։ Ո՞վ պետք է զբաղվի այս հարցերով»։

Տնտեսագետը մտահոգիչ է համարում նաև հասարակության արձագանքի թուլացումը։ Վերջինիս գնահատմամբ՝ խնդիրը միայն գնաճը չէ, այլ պետական կարգավորման և վերահսկողության թուլացումը։ Նրա կարծիքով՝ առանց համակարգային վերահսկողության և շուկայի կանոնակարգման, թանկացումների ալիքը շարունակական բնույթ է կրելու, իսկ հասարակության սոցիալական բեռը՝ ավելանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան