Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 25-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ տեսաուղերձով հայտնեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի մեկից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս հաշվարկների մեջ չկա հետվճարը։ Կառավարության ղեկավարը պարզաբանել է նաև, թե ինչո՞ւ են հիմա՝ որոշել թոշակները բարձրացնել։ Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշումը կայացվում է հիմա, քանի որ 2025-ի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, մեկ այլ պատճառ է այն, որ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները, հունվար-փետրվար ամիսների տվյալներով, իշխանության հաշվարկներով բավարար են դրա կարիքների համար: Մյուսը, նրա խոսքով, հարկերը վճարող քաղաքացիներն են: Հիշեցնենք, որ դեռ երկու ամիս առաջ կենսաթոշակառուների մասին Փաշինյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։ «Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», - ասել էր Փաշինյանը, ինչը թոշակառուների շրջանում լուրջ դժգոհություն էր առաջացրել։
Հայաստանի Արդարադատության նախարարությունը տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկան-ահաբեկիչների գտնվելու վայրի մասին։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով՝ շարունակու՞մ են, արդյոք, նրանք կրել պատիժը, և եթե այո, ապա որտե՞ղ/ո՞ր քրեակատարողական հիմնարկում: Գերատեսչությունից տեղեկացրել են, որ «նշված անձանց փոխանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով: Նախարարությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո»: Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների, որոնք գերեվարվել էին Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին։ Թեպետ նույն օրը Ադրբեջանից 4 պատանդ էր վերադարձել Հայաստան, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այս գործընթացներն իրար հետ փոխկապակցված չեն։
Առաջիկա ամիսներին ջուրը ժամով կդառնա․ «Վեոլյա ջուր»-ը հայտնում է, որ մայիսի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը ողջ երկրով գիշերները անջատելու է ջրամատակարարումը։ Ընկերությունը մանրամասն ներկայացրել է գրաֆիկը, թե որ բնակավայրում քանի ժամով է ջրամատակարարումը անջատվելու։ Հատկանշական է, որ ընկերությունը որևէ բացատրություն չի ներկայացնում, պարզապես տեղեկացնում է այս մասին։ Մասնավորապես, Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակիչները ջուր չեն ունենա կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7–ը։ Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջանների որոշ հասցեներում այս գրաֆիկը կպահպանվի ողջ տարվա ընթացքում։ Իհարկե, կան նաև հասցեներ, մասնավորապես, Դավիթաշեն, Կենտրոն, Ավան, Էրեբուն, Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ ջրամատակարարումը կլինի շուրջօրյա, բացառությամբ մայիսից-սեպտեմբեր ժամանակահատվածի։ Բացի այդ, Շենգավիթ վարչական շրջանում կան հասցեներ, որտեղ ջրամատակարարումը լինելու է օրական 6 ժամ՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։ 6–ժամյա գրաֆիկ կլինի նաև Հայաստան բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։ Կան բնակավայրեր, որտեղ ջրամատակարարումը կլինի 7 ժամ, 8 ժամ, 10 ժամ և այլն։ Իսկ ահա Տավուշի մարզի Ազատամուտ և Կոտայքի մարզի Սարալանջ գյուղերում ջրամատարկարարումը կլինի օրական 4 ժամ։
Մանրամասները՝ տեսանյութում: