Հանրային քննարկումների կենտրոնում շարունակում է մնալ Աջափնյակում փետրվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի ընթացքում շուրջ 10 անձի մասնակցությամբ կրակոցներ են հնչել, մեկ մարդ մահացել է։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ։
«Անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել կանխարգելիչ պրոֆիլակտիկա, որը լայն սպեկտր ունի և բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, որ նման ծանր հանցագործություններ տեղի չունենան»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այդ գործընթացում ներգրավված պետք է լինեն ոստիկանության տարբեր ծառայություններ, ոստիկանության տեղամասային տեսուչները, դատախազությունը, տեղական ինքնակառավարման մարմինները։ Միևնույն ժամանակ, նախկին փոխոստիկանապետը փաստեց, որ այսօր նման կանխարգելիչ աշխատանքները բավարար չափով չեն իրականացվում, ինչը հանգեցնում է ընդհանուր ամենաթողության։
Անդրադառնալով «վենդետայի» դեպքերի հնարավոր կանխարգելմանը՝ Համբարձումյանը նշեց, որ հնարավոր է դրանք կանխատեսել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները տիրապետում են հանցավոր խմբերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը և իրականացնում են բազմաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ։
«Դա կախված է ոստիկանության աշխատանքի որակից և նրանց մասնագիտական պատրաստվածությունից։ Պետք է լինի մեծ ծավալի, բազմաբնույթ և բազմակողմանի պրոֆիլակտիկա»,- ընդգծեց նա։
Համբարձումյանը նկատեց, որ թեև վերջին շրջանում ձևավորվել են ոստիկանության նոր ստորաբաժանումներ և աճել է ոստիկանների քանակը, սակայն այդ ամենը դեռևս չի ապահովում աշխատանքի որակի բարձրացում։
«Սա այն դեպքն է, երբ քանակը որակ չի տալիս»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ համակարգի հիմնական ռեսուրսները հաճախ ուղղվում են այլ նպատակների` մասնավորապես՝ ընդդիմության դեմ գործողություններին:
Նախկին փոխոստիկանապետը նաև կապեց նմանատիպ հանցագործությունների քանակի աճը հասարակության ներսում առկա բաժանարար գծերի խորացման հետ՝ նշելով, որ սոցիալական լարվածության և հասարակական դեգրադացիայի պայմաններում հանցավոր տարրերը, բնականաբար, ակտիվանում են։
«Բա որ մարդկանց սև ու սպիտակի էին բաժանում, թշնամացնում, ի՞նչ էին ուզում»,- հռետորական հարցով եզրափակեց մեր զրուցակիցը։