Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:45 17-02-2026

ՀԷՑ-ը խլելու գործընթաց, անգործություն ու կոռուպցիոն ռիսկեր. նախկին տնօրենի ասուլիսը

Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Ասուլիսի ընթացքում Ղազինյանը խոսել է ՀԷՑ-ը խլելու, այս գործընթացի քաղաքական շարժառիթների, ՀԷՑ-ում գրանցված վերջին խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի և համակարգային անգործության մասին։

Նա անդրադարձել է նաև քաղաքացիների բողոքներին և իրենց պարտականությունները չկատարող մարմինների գործողություններին։

Անդրադառնալով Հայաստանի էներգահամակարգում ստեղծված վիճակին, կառավարման արդյունավետությանն ու վերահսկող մարմինների աշխատանքին՝ Ղազինյանը նշում է. «Բոլորս տեսել ենք, բոլորս հասկանում ենք՝ ինչ է կատարվում, և տեսել ենք՝ ինչպես են կառավարում։ Կարգավորող մարմինն անգամ տեղյակ չէ՝ քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունիի դեպքերի ժամանակ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, մի պահ տեսականորեն, էսպես, մեր օրոք լիներ, ինչ էր կատարվելու»։

Քաղաքացիների դժգոհություններին ՀԷՑ-ից տրվող պաշտոնական մեկնաբանությունները նախկին տնօրենը հանրության հանդեպ անհարգալից վերաբերմունք է որակել. «Շատ լուրջ վիրավորանք եմ տեսնում՝ կապված բողոքներին տրվող իրենց մեկնաբանության հետ։ Հիմա ունենք 2 տարբերակ՝ մեր կառավարման ժամանակ բողոքների պատճառը, իրենց ասելով խնդիրներն են, իսկ իրենց կառավարման ժամանակ բողոքների հիմնական պատճառը՝ օրենքի չիմացությունը։ Ուզում եմ հասկանալ՝ այն ժամանակ մեր ժողովուրդը օրենքները լավ գիտեր, բողոքում էր, հիմա իրենց օրոք արդեն մոռացան, չգիտե՞ն այդ օրենքների մասին»։

Ասուլիսի ընթացքում Ղազինյանն անդրադարձավ նաև մոդուլային ատոմակայանների թեմային և դրանց տնտեսական արդյունավետությանը։

«Մեր հաշվարկներով՝ եթե վճարվի այդ 9 միլիարդը, 5-ը՝ ատոմակայանի և 4 միլիարդը՝ սպասարկման համար, եթե չեմ սխալվում, ինքնարժեքը լինելու է 60-ից 80 դրամ։ Այսինքն՝ այդ դեպքում կամ դա պետք է ուղղակի կառուցվի, չաշխատի, որտեղ ինքնարժեքը թանկ է, կամ պետք է սակագինը թանկացվի, որտեղ արտադրվող էլեկտրաէներգիան արդեն ինքնարժեքից թանկ է, և 3-րդ տարբերակը պետք է սուբսիդավորվել պետբյուջեից»,- նշեց նա։

Պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ 2026-ի հունվարին 2025-ի հունվարի համեմատ քաղաքացիների էլեկտրաէներգիայի վարձավճարները 2-3 անգամ ավելի շատ են եղել, Ղազինյանը նշեց. «Մեր ժամանակ գոյություն ուներ հստակ աշխատանքային սխեմա, որը սահմանված էր բողոքների ստացման և դրանց մշակման համար։ Նույնիսկ եթե մենք ցանկանայինք, որևէ բան կոծկելն անհնար էր, քանի որ պետական մարմինները վերահսկողություն էին իրականացնում։ Այժմ, սակայն, ոչ մի պետական մարմին չի ստուգում, չի սաստում և չի վերահսկում գործընթացը։ Սա նշանակում է անպատժելիություն և ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներ»։

Ասուլիսի վերջում Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաև մարզերում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը՝ համոզմունք հայտնելով, որ հունիսի 8-ին այս իշխանությունը չի լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Oragir.News