Ներքին 3 ամիս առաջ - 17:23 17-02-2026

Մեղքն ընդունում ենք, բայց խնդրում ենք մարդասիրական մոտեցում ցուցաբերեք․ բաց նամակ՝ Փաշինյանին

Բաց նամակով Oragir.News-ին է դիմել քաղաքացի Գայանե Մաթևոսյանը՝ բարձրաձայնելով իր ազգականի՝ Արա Խուրշուդյանի նկատմամբ կայացված դատավճռի «անհամաչափ խստության և դատական համակարգի մարդասիրական վերաբերմունքի բացակայության» մասին։

Գայանե Մաթևոսյանը պատմում է, որ երկու տարի առաջ Արգավանդի խաչմերուկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, և վրաերթի զոհ է դարձել մի կին։

«Կինը փողոցն անցել է վազելով, կարմիր լույսի տակ՝ ընկնելով Արա Խուրշուդյանի մեքենայի տակ։ Վարորդը անմիջապես իջել է մեքենայից և օգնություն ցուցաբերել»,- պատմում է մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ Արան ընտանիքի միակ աշխատողն է և խնամում է իր հիվանդ մորը։

Նրա խոսքով՝ նույնիսկ տեսագրություններն են փաստում, որ ամեն ինչ անսպասելի ու հանկարծակի է կատարվել, ինչի պայմաներում մահն անխուսափելի է եղել։ Այդ հանգամանքը, սակայն, պատշաճ գնահատականի չի արժանացել, ինչի պատճառով էլ Խուրշուդյանի հարազատներն ահազանգում են։

«Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ս. Ջիվանյան), ապա նաև Վերաքննիչ դատարանը (դատավորներ՝ Հ. Պետրոսյան, Ս. Համբարձումյան, Մ. Պապոյան) Արա Խուրշուդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտել են 2 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն դատարանները, մեր համոզմամբ, բավարար չափով չեն գնահատել գործի բոլոր էական հանգամանքները և մեղմացուցիչ գործոնները»,- ասում է Գայանե Մաթևոսյանը։

Արա Խուրշուդյանն ի սկզբանե ընդունել է մեղքը, չի փորձել խուսափել պատասխանատվությունից, դեպքից անմիջապես հետո օգնել է տուժողին և համագործակցել քննությունն իրականացնողների հետ։ Նրա վարքագիծը վկայում է կատարվածի նկատմամբ գիտակցված վերաբերմունքի և անկեղծ զղջման մասին․ հավաստիացնում է Գայանեն։

Վերջինս տեղեկացնում է, որ Արա Խուրշուդյանն իր ծայրահեղ վատառողջ մոր միակ խնամողն է։ Մայրը տառապում է շաքարային դիաբետով, Ալցհեյմերի հիվանդությամբ և գրեթե չի տեսնում։ Նրա կյանքն, անվտանգությունն ու խնամքը լիովին կախված են որդու ներկայությունից։

Չնայած սեփական սոցիալական ծանր վիճակին՝ նա պատրաստակամություն է հայտնել հոգալ վրաերթիենթարկվածի թաղման ծախսերը և ցուցաբերել ֆինանսական աջակցություն։ Սակայն այդ առաջարկները մերժվել են։

«Մենք չենք արդարացնում տեղի ունեցած ողբերգությունը և չենք խուսափում պատասխանատվությունից։ Սակայն համոզված ենք, որ 2 տարվա իրական ազատազրկումը տվյալ պայմաններում չափազանց խիստ և անհամաչափ է»,- ասում է Oragir.News-ին դիմած քաղաքացին։

Արա Խուրշուդյանի հարազատները դիմում են ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով՝ իրենց լիազորությունների շրջանակում ուշադրություն դարձնել այս գործին և նպաստել պատժի մեղմացմանը։

«Մենք ակնկալում ենք, որ հնարավոր կլինի կիրառել պայմանական դատապարտում, պատժի կրումը հետաձգել կամ կիրառել այլընտրանքային իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան պահպանել արդարության և մարդասիրության հավասարակշռությունը»,- ասում է Գայանե Մաթևոսյանը՝ հավելելով, որ պատրաստ են ներկայացնել բոլոր անհրաժեշտ բժշկական և սոցիալական փաստաթղթերը, որոնք հիմնավորում են վերոնշյալ հանգամանքները։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի