Միտք 3 ամիս առաջ - 09:46 17-02-2026

Ուր են կորել Հայաստանի 92 հազար ընտրողները 

Ընտրելու իրավունք ունեցողների թիվը մեր երկրում շեշտակի նվազել է։ Պատճառը միանշանակ պարզ չէ, սակայն ամեն դեպքում խիստ մտահոգիչ փաստ է։

ԿԸՀ-ն փետրվարի 16-ին հրապարակել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը՝ 2 միլիոն 489 հազար 31 մարդ: 2018-ի դեկտեմբերի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 մլն 573 779 էր։ 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ, ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 581 093 մարդ: Այսպիսով՝ նկատելի է, որ 2026-ին ընտրողները մոտ 92 հազարով պակասել են 2021-ի համեմատ։

Ինչո՞ւ են պակասել ընտրողները, ո՞ւր են կորել ՀՀ 18 տարեկանից բարձր 92 հազար քաղաքացիները։

Այս մտահոգիչ տարբերությունը նկատել են բազմաթիվ քաղաքացիներ։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է մի քանի վարկած։

Նախ գրեթե բոլորը հիշում են, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը և որոշ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում էին, թե դրական սալդո են արձանագրել, ամպագորգոռ հայտարարում էին, թե ներգաղթի դարաշրջանն է բացվել։ Այնինչ՝ ռեգիստրում արձանագրված 92 հազարի նվազումը փաստում է հակառակը, որ ՀՀ 18-ից բարձր քաղաքացիների քանակը պակասել է։ Ուստի ենթադրելի է, որ 2021-2026-ը Հայաստանից ՀՀ քաղաքացիների արտագաղթի մեծ հոսք է եղել, և այդ փաստը ՔՊ-ական իշխանությունները թաքցրել են ժողովրդից։ Այս պարագայում ի՞նչ ներգաղթի մասին են խոսում Փաշինյանն ու նրա ենթակաները։ Գուցե դրական սալդոն ապահովել են օտարերկրացինե՞րը։ Եթե այո, ապա դա ամենևին էլ ուրախալի լուր, առավել ևս՝ քաղաքական նվաճում չէ։

2021-ից հետո ողբերգական, աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել։ Բռնազավթվել են ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Արյունալի պատերազմ է տեղի ունեցել 2022-ի սեպտեմբերի 13-14-ին։ Ենթադրելի է, որ 92 հազար քաղաքացիները ընկճվել են, հուսահատվել ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

Չի բացառվում, որ 92 հազար հոգի վախեցել է քաղաքական բռնաճնշումներից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապաստան խնդրելով այլ երկրներում։ Հաշվի առնելով կիրառվող բռնաճնշումների ու հալածանքների մեծ ծավալը, այսպիսի ենթադրությունը նույնպես արժանահավատ է թվում։

Մեկ այլ վարկած էլ առնչվում է արցախահայությանը։ Արցախի հայ ժողովուրդը 2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանվել է։ Նրանց մի մասը՝ 20 768 հոգի ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին օրեր առաջ ասել է ՆԳ նախարարը։ Արցախցիների ներգաղթի և ՀՀ քաղաքացիություն ստանալու արդյունքում ՀՀ ընտրողների թիվը պետք է ավելանար 20 768-ով, բայց պակասել է մոտ 92 հազարով։ Հետևաբար ենթադրելի է, որ կա՛մ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիներին չեն ներգրավել ընտրողների ռեգիստրում, կա՛մ նախընթաց տարիներին այնպիսի մեծ ծավալի արտագաղթն է եղել, որ ընտրողների թիվն այսպիսի տարբերություն է տալիս 2021-ի համեմատ։

Շրջանառվում է նաև դավադրապաշտական վարկած, ըստ որի՝ ՔՊ-ական իշխանությունները միտումնավոր են այսպիսի տարբերություն ցույց տալիս ընտրություններից մի քանի ամիս առաջ, որ հանրության ուշադրությունը սևեռեն այս թեմայի վրա։ Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթման տարիներին մեկ կուսակցություն կար, քաղաքական մրցակցություն, ընտրարշավ չկար։ Եվ ընտրություններ կոչվող ֆարսից առաջ միայն մեկ գործողություն էր կատարվում՝ ստուգվում էին ընտրողների ցուցակները։ Այս գործում ներգրավվում էին կամավորների։ Անկախությունից հետո այս գործողությունն իներցիայով կատարում էին իշխանական թեկնածուները, որոնք ցուցակ ստուգելու քողի տակ մտնում էին տներ, պոտենցիալ ընտրողների հավաքագրում, ընտրակաշառք բաժանում և այլն։ Ենթադրելի է, որ այս անգամ էլ ՔՊ-ն կամ նրա նման ռուսամետ ուժերը ցուցակ ստուգելու պատրվակով կմտնեն քաղաքացիների տներն ու նրանց կփորձեն դարձնել իրենց ընտրողը։

Ի վերջո՝ կա վարկած, ըստ որի՝ 2021-ին ընտրողների ցուցակներն ուռճացված են եղել, այնտեղ գոյություն չունեցող 92 հազար մարդկանց անուններ են ներգրավված եղել, և այս ֆեյքերն են ձևավորել իշխանություն։ Այսինքն՝ 92 հազարի պակասելը հիմք է ենթադրելու, որ 2021-ի ընտրությունները կեղծվել են 92 հազար ֆեյքերի քվեներով։ Իսկ քանի որ առաջիկա ընտրություններն անցնելու են ԵՄ դիտորդների խոշորացույցի ներքո, ապա ենթադրելի է, որ նրանց պահանջով են այս ֆեյքերին հանել ցուցակից, և արդյունքում՝ ընտրողների թիվը 92 հազարով պակասել է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»