Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 14:33 10-02-2026

Ամերիկյան ԱԹՍ-ները եզակի կարողություններով չեն առանձնանում․ 11 մլն դոլարով կարելի էր արտադրական հարթակներ ստեղծել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաստատել է Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-երի վաճառքը: Նրա խոսքով՝ քայլը միտված է անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչը կարող է նպաստել ներդրումներին և աշխատատեղերի ստեղծմանը: Փաշինյանն էլ նշել է, որ Հայաստանը ձեռք է բերել փորձարկված, արդյունավետ ԱԹՍ-եր և հույս հայտնել, որ գործարքը հիմք կդառնա երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման համար:

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանի հետ, ով ընդգծեց, որ ներկայացվող տեխնիկական առավելությունները չպետք է գերագնահատել։

«Եթե տեխնիկական մանրամասները քննարկենք, պետք է ասեմ՝ այս անօդաչուները եզակի կարողություններով չեն առանձնանում, եթե համեմատենք Հայաստանում արդեն արտադրվող հետախուզական ԱԹՍ-ների հետ: Միակ տարբերակիչ հատկությունը ուղղահայաց թռիչք–վայրէջքն է, թեև տեղական որոշ ընկերություններ արդեն հաջողություններ ունեն այդ ուղղությամբ։ Գովազդվում է նաև թռիչքի տևողությունը՝ 10–13 ժամ, բենզինային շարժիչի շնորհիվ։ Մնացածը՝ GPS-ի կամ ռադիոկապի խափանման պայմաններում աշխատելու հնարավորությունը, տեխնոլոգիաներ են, որոնք մեր արտադրողները վաղուց կիրառում են»,- ասաց Քերոբյանը:

Նա նաև նշեց, որ մատակարարման ծավալը, ամենայն հավանականությամբ, մեծ չէ և խոսքը կարող է լինել մեկ համակարգի՝ մի քանի սարքով:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ կնքված պայմանագրերի հետ, ապա խոսքը առավելագույնը մեկ համակարգի մասին է՝ 3-4 ԱԹՍ-ով։ Դրանք կարող են նաև կառավարվող լինել, բայց մեր պայմաններում դա միշտ առաջնային չէ։ Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն սովորաբար խելացի ռազմական տեխնիկան մատակարարում է սահմանափակումներով։ Նախկինում տրամադրված կապի համակարգերն, օրինակ, ունեցել են տարածքային կիրառման սահմանափակումներ։ Չի բացառվում, որ այստեղ էլ նման պայմաններ լինեն։ Բացի այդ, սա անմիջական մատակարարում չէ․ անհրաժեշտ է ժամանակ ամբողջական փոխանցման, ուսուցման և ներդրման համար»,- ընդգծեց փորձագետը:

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը արդեն ունի տեղական արտադրական կարողություններ, և համարժեք ներդրմամբ հնարավոր էր զարգացնել ներքին արտադրությունը:

«Մեր տեղական ընկերությունները կարողանում են արտադրել որակյալ հետախուզական ԱԹՍ-ներ՝ երկար թռիչքի հնարավորությամբ, տարբեր տեսակի շարժիչներով, ցերեկային և ջերմատեսիլ խցիկներով, խափանումներին դիմակայող համակարգերով։ Նույն 11 միլիոն դոլարի ներդրմամբ հնարավոր կլիներ ստեղծել մեկից ավելի արտադրական հարթակ։ Բայց գործարքը միայն տեխնիկական չէ, ունի նաև քաղաքական կողմ։ Մի կողմից լավ է, որ մատակարարում կա, մյուս կողմից՝ պարզ չէ, թե տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից ինչ զուգահեռ քայլեր կարող են արվել։ Եթե մենք ինքներս բավարար ներդրում չանենք մեր պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտում, նման գործարքները կարող են մնալ մեկանգամյա»,- եզրափակեց նա:

Փորձագետը հավելեց, որ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության խորացումը մեծապես կախված է Հայաստանի սեփական պաշտպանական ծախսերի և ռազմարդյունաբերության զարգացման տեմպերից:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան