Ներքին 4 ամիս առաջ - 20:00 06-02-2026

Արցախը կանգնած է արդարության համար պայքարի առջև․ միջազգային մամուլի արձագանքը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ Բաքվում կայացրած դատավճիռները լայն արձագանք են ստացել միջազգային մամուլում։ Աշխարհի առաջատար լրատվամիջոցներն ու հեղինակավոր միջազգային հարթակները ակտիվորեն անդրադառնում են Ադրբեջանի դատարանի որոշմանը՝ ընդգծելով ոչ միայն ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատավճիռների խստությունը, այլև դատավարության օրինականության, թափանցիկության և քաղաքական շարժառիթների շուրջ առաջացած լուրջ հարցերը։

Ինչպես գրում է Reuters-ը, հինգշաբթի օրը Ադրբեջանի ռազմական դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի 13 նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ այն տարածքում, որտեղ էթնիկ հայերը շուրջ երեք տասնամյակ պահպանում էին միջազգային ճանաչում չունեցող անջատված պետական կազմավորում, մինչև Բաքուն 2023 թվականին վերականգնեց իր ռազմական վերահսկողությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ հինգ մեղադրյալներ, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ ևս ութ անձ ստացել են 15-ից 20 տարվա ազատազրկման դատավճիռներ։

Նշվում է, որ նրանք մեղավոր են ճանաչվել մի շարք ծանր մեղադրանքներով՝ ներառյալ խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանություն, պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, ահաբեկչություն և իշխանության բռնի զավթում։

Միջազգային լրատվական գործակալությունը նաև նշում է, որ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել դատավարության արդարության վերաբերյալ, մինչդեռ դատական գործընթացը մեկնարկել է 2025 թվականի հունվարին։

Reuters-ը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը 1991 թվականին՝ Խորհրդային միության փլուզման ժամանակ, դուրս էր եկել Բաքվի վերահսկողությունից, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը երկու պատերազմ են մղել այս լեռնային տարածքի շուրջը, մինչև Ադրբեջանը 2023 թվականին վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 100 հազար հայ բնակիչներ լքեցին Ղարաբաղը և տեղափոխվեցին Հայաստան։

Ըստ Reuters-ի՝ Արայիկ Հարությունյանի փաստաբան Ջավիդ Ռզազադեն հայտարարել է, որ իր պաշտպանյալը սպասում էր նման վճռի։

«Արայիկ Հարությունյանը պատրաստ էր դատարանի այս որոշմանը։ Մենք գիտեինք, որ դատարանը կարող էր կայացնել ցմահ ազատազրկման դատավճիռ։ Բնականաբար, մենք համաձայն չենք ոչ մեղադրական եզրակացության, ոչ էլ դատավճռի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռ վաղ է խոսել հնարավոր բողոքարկման մասին։

Reuters-ը նաև նշում է, որ դատավճիռ դեռևս չի կայացվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որը նախկին միլիարդատեր բանկիր է և Արցախում զբաղեցրել է երկրորդ բարձրագույն պաշտոնը, իսկ դատախազությունը նրա նկատմամբ պահանջում է ցմահ ազատազրկում։

Անկախ միջազգային OC Media լրատվականն էլ գրում է, որ հինգշաբթի օրը Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի հինգ նախկին պաշտոնյաների դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ երկու նախկին նախագահների՝ 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքային սահմանափակումների պատճառով։

OC Media-ի փոխանցմամբ՝ դատավճիռները կայացվել են մեկ օր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել էին խաղաղության պայմանագրի նախաստորագրման գործընթացում ունեցած դերակատարման համար։

Նշվում է, որ գործով անցնող 15 մեղադրյալները մեղադրվել են ընդհանուր առմամբ 2 548 հանցագործություն կատարելու մեջ, այդ թվում՝ ցեղասպանություն, ստրկություն, խոշտանգումներ, ահաբեկչության ֆինանսավորում և հանցավոր կազմակերպության ստեղծում։

Ինչպես հայտնում է OC Media-ն, դատավարությունը մեկնարկել է 2025 թվականի հունվարին և ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ութ հայերի, որոնք կապված չեն եղել նախկին իշխանությունների հետ՝ բացի հինգշաբթի օրը դատապարտված յոթ պաշտոնյաներից։ Մեղադրյալները գերեվարվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված վերջնական ռազմական գործողությունների ընթացքում՝ 2023 թվականին, որին նախորդել էր ինը ամիս տևած շրջափակումը։

OC Media-ն ընդգծում է, որ դատավարությանը ներկա են եղել միայն ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները։ Միջազգային դիտորդներ չեն մասնակցել, իսկ մեղադրյալները ներկայացված են եղել բացառապես ադրբեջանցի փաստաբանների կողմից։ Այս պայմանները, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ լուրջ մտահոգություններ են առաջացրել դատավարության արդար լինելու հնարավորության վերաբերյալ։

Ցմահ ազատազրկման դատապարտվածների թվում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որը պաշտոնավարել է 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Ավելի մեղմ՝ 20 տարվա ազատազրկման դատավճիռ են ստացել միայն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Ըստ ադրբեջանական իշխանամետ APA լրատվամիջոցի՝ դատարանը պարզաբանել է, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն՝ ցմահ ազատազրկում չի կարող կիրառվել, քանի որ վերջնական դատավճռի կայացման պահին երկու մեղադրյալների 65 տարին լրացած է եղել։

Novaya Gazeta Europe-ն էլ գրում է, որ Բաքվի ռազմական դատարանը բարձր մակարդակի հինգ նախկին պաշտոնյաների՝ Լեռնային Ղարաբաղի նախկին հանրապետության կառավարության անդամների նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել պատերազմական հանցագործություններ, ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանություն, պատերազմական օրենքների խախտում, ահաբեկչություն և իշխանության բռնի զավթում մեղադրանքներով:

Նրանց թվում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

Դատարանը 20 տարվա ազատազրկման դատավճիռ է կիրառել նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ, իսկ նախկին նախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը կկայացվի շուտով:

Novaya Gazeta Europe-ը հաղորդում է, որ մեղադրյալներն առ այսօր իրենց մեղքը չեն ընդունել, և նրանք բոլորը գերեվարվել են 2023 թվականի ռազմական գործողության ընթացքում, որի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Հոդվածը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ իրավամբ Ադրբեջանի մաս է եղել, սակայն 30 տարի այն էթնիկ հայերի կողմից կառավարվել է որպես անջատված հանրապետություն, մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հանկարծակի ներխուժումն ու բնակչության զանգվածային տեղաշարժը՝ շուրջ 100 000 հայերի՝ Հայաստան արտագաղթելու պատճառ դառնալով:

Հնդկական The Hindu-ն էլ գրում է, որ փետրվարի 5-ին Ադրբեջանի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման և երկարաժամկետ դատավճիռներ է կայացրել արցախյան «ադրբեջանական անջատողական» կոչվող շարժման ղեկավարների նկատմամբ՝ նրանց մեղադրելով պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:

The Hindu-ի փոխանցմամբ՝ 2023 թվականին Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա, ինչը դադարեցրեց արցախյան ինքնավարության շուրջ երեք տասնամյակ տևած կառավարումը, և շրջանի բոլոր էթնիկ հայ բնակիչները՝ ավելի քան 100 000 մարդ, լքել են տարածքը և փախել Հայաստան:

Ադրբեջանը վերահսկողությունը վերականգնելուց հետո ձերբակալել է մի շարք ղեկավարների՝ մեղադրելով պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ: Հայաստանի իշխանությունները պահանջել են նրանց ազատ արձակումը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կձեռնարկի «ամենահնարավոր քայլերը», այդ թվում՝ միջազգային իրավական միջոցառումներ, մեղադրյալների իրավունքների պաշտպանության համար:

Հոդվածը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որի միջնորդը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այսպիսով՝ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ կայացված ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատավճիռները կոպտորեն հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և մարդու իրավունքներին, իսկ Արցախի էթնիկ հայ ժողովրդի շուրջ 30-ամյա ինքնավարության վերացումն ու բռնի տեղահանումը փաստում են Ադրբեջանի անարդար քաղաքականության ցավոտ հետևանքները։

Արցախի հարցում լուծումները պետք է հիմնված լինեն արդարության, խաղաղության և հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման, այլ ոչ թե բռնության ու ճնշման մեթոդների վրա:

Մինչդեռ միջազգային տարատեսակ լրատվականնների հրապարակումներից պարզ է դառնում, որ աշխարհը շարունակում է անտեսել հայ ժողովրդի կենսական պահանջներն ու աչք փակել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա։

Քնարիկ Սահակյան

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում