Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 6-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով: Այս մասին նշված է Միքայել սրբազանի պաշտպանների թիմի տարածած հաղորդագրության մեջ։ «Գանգատում նշվել է Միքայել սրբազանի անօրինական կալանավորման , արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստեր և փաստարկներ»,- հայտնում են պաշտպանները։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներկայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։ «Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,– ասաց դատավոր Էդգար Մանասյանը։ Դատարանի որոշումը լսելուց հետո փաստաբան Արա Զոհրաբյանը խնդրեց, որ Միքայել սրբազանին թույլ տան նաև կիրակի օրերին մասնակցել սուրբ և անմահ պատարագների Գյումրու Յոթ վերք եկեղեցում, որը նրա բնակության վայրի կողքին է։ Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ մերձավոր ազգականը միայն նրա ավագ եղբայրն է, որն առողջական խնդիրներ ունի, և խնդրեց թույլ տալ, որ սրբազանի ավագ եղբոր որդիներին էլ կարողանան այցելել նրան։ Ավելի ուշ դատարանը որոշեց եկեղեցում պատարագի մասնակցելու միջնորդությունը հետաձգել։ Մյուս միջնորդությունն էլ որոշեց բավարարել մասնակի։ Տնային կալանքի ընթացքում թույլատրվում է տեսակցել միայն Գրիգոր Աջապահյանին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ կոչ է արել Միացյալ Նահանգներին միջոցներ ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ քրիստոնյա գերիներին ազատ արձակելու համար: Այս մասին Դավիթն ասել է «Catholic Vote» միջազգային պարբերականին տված հարցազրույցում։ «Այցի նախօրեին հայ քրիստոնյա կալանավորի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող կալանավորներին ազատ արձակելու համար», - գրում է պարբերականը: Դավիթը նշել է, որ իր հայրը տարածաշրջան է տեղափոխվել 2020 թվականին Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո՝ աջակցելու տեղի քրիստոնյա բնակչությանը, որին «լքել էր մնացած աշխարհը»: Նա հիշեցրել է, որ իր հայրը որոշել է հրաժարվել նախկին կյանքից՝ փորձելով պաշտպանել մարդկանց, ամենածանր պահին ապրել նրանց կողքին: «Եվ հիմա նա հատուցում է հետապնդվող բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու փորձի համար», - ասվում է Վարդանյանի որդու նամակում: Նա ընդգծել է, որ երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած իր հորը դատում է ռազմական դատարանը։ Ավելին, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվել է ներկա գտնվել դատական նիստերին, իսկ ընտանիքի հետ կապը կտրուկ սահմանափակվել է Ադրբեջանից ԿԽՄԿ պատվիրակության արտաքսումից հետո: Ընտանիքի հետ շփման միակ ձևը մնում են կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերը։ «Նա, ըստ էության, դարձել է քաղաքական շոուի մասնակից», - ընդգծել է Դավիթը։ Նա նշել է, որ իր հորը պահել են մենախցում և ենթարկել բռնության։ Բանտարկության առաջին շաբաթվա ընթացքում թույլ չեն տվել նրան Աստվածաշունչ փոխանցել: «Բայց ամենասարսափելին այն է, որ մյուս բանտարկյալներից տեղեկություն ենք ստացել, որ խաչի կամ այլ խորհրդանիշների տեսքով դաջվածքներ ունեցող մարդկանց մարմնի այդ հատվածներն այրել են», - ընդգծել է Դավիթ Վարդանյանը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։
67 տարեկանում կյանքից հեռացել է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանը։ «Խորը ցավով տեղեկացա իմ ավագ ընկեր, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի մահվան մասին։ Հոգեհանգստի արարողությունը կկատարվի փետրվարի 7-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-20։00, հուղարկավորությունը՝ փետրվարի 8-ին՝ ժամը 14։30, նույն վայրից։ Խորին ցավակցություններս ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր ընկերներին»,- նշել է նա։ Խաչատրյանը ֆինանսների նախարար է եղել 2000-2008 թվականներին: Oragir.News-ը ցավակցում է Վարդան Խաչատրյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Մանրամասները՝ տեսանյութում: