Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:00 06-02-2026

Ով այնքան «դուխ» ունի, որ ստուգի Փաշինյանին և նրա թիմին․ Հաշվեքննիչ պալատին բանի տեղ չեն դնում

Հայաստանի պետական կառավարման համակարգում ամեն օր հայտարարվող «թափանցիկ» քաղաքականությունը, պարզվում է, սև վարագույրով փակված է վերահսկողների և հասարակության առջև։

Oragir.News-ի տրամադրության տակ է հայտնվել մի ցուցակ, թե պետական որոշ մարմիններ ԱԺ Հաշվեքննիչ պալատին չեն տրամադրել հասանելիություն իրենց Փաստաթղթաշրջանառության և հաշվապահության համակարգերին՝ Mulberry-ին։

Հաշվեքննիչ պալատը օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար փորձել է մուտք գործել պետական մարմինների էլեկտրոնային համակարգեր՝ «Mulberry» և հաշվապահական էլեկտրոնային ցանկեր, որ կարողանա տեսնել բյուջեի ծախսերը։

Սակայն հետաքրքիր է նաև մերժման ձևը։ Ցուցակից պարզ է դառնում, որ պետական կառույցների մեծամասնությունը հենց սկզբից մերժել է ԱԺ Հաշվեքննիչ պալատի հասանելիությունը, իսկ կառույցների մյուս մասը սկզբում թույլատվել է մուտքը, ապա դրանից հետո նոր կասեցրել է մուտքը։

ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, Արմավիրի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների աշխատակազմերը սկզբում հաստատել են հասանելիությունը, սակայն որոշ ժամանակ անց կասեցրել այն։ Այնպիսի տպավորություն է, կարծես՝ այս կառույցները, հետևելով օրենքի պահանջին, հասանելիություն են տրամադրել, սակայն որոշ ճշտումներից հետո իմացել են, որ կարելի է Հաշվեքննիչ պալատին բանի տեղ չդնել։

Իսկ Վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովի աշխատակազմը, ՊԵԿ-ը,Նախագահի աշխատակազմը, Գլխավոր դատախազությունը, ԱԳՆ-ն ու ՆԳՆ-ն ընդհանրապես հասանելիություն չեն ապահովել ո՛չ «Mulberry»-ին, ո՛չ էլ հաշվապահական համակարգերին։

Նույն պատկերն է նաև Քննչական կոմիտեում, Արարատի մարզպետարանում և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

Oragir.News-ը զանգահարեց այս կառույցներին՝ պարզաբանում ստանալու նպատակով։

Սյունիքի մարզպետարանից մեզ հայտնեցին. «Տեղի ունեցածը պարզապես տեխնիկական խնդիր է եղել, և մենք մեր հարցերն արդեն պարզել ենք Հաշվեքննիչ պալատի հետ»։

Իսկ ՏԿԵՆ-ից տվեցին տիպիկ ՔՊ–ական պատասխան. «Ո՛չ հերքում եմ, ո՛չ էլ հաստատում»։

Մեր զանգերին ի պատասխան՝ կառույցների մեծ մասը, չցանկանալով ուղիղ պատասխան տալ, պահանջեց ներկայացնել գրավոր հարցում։

Այս փաստաթղթից պարզ է դառնում, որ Հաշվեքննիչ պալատը զրկված է պետական բյուջեի ծախսերը վերահսկելու հնարավորությունից։