Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:56 04-02-2026

Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրել է.

Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն

Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում «խաղաղություն», «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը միասին հնչելը կամ անհնար էր, կամ ընկալվում էր որպես անիրական բան։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ մրցանակի համատեղ ընդունումը վկայում է այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է, քանի որ հակառակ դեպքում երկու կողմերի համար անիմաստ կլիներ միասին ներկայանալ և ընդունել նման բարձր միջազգային գնահատական։

Առաջին հայացքից ստեղծվում է գրեթե իդեալական պատկեր։ Այն ձևավորում է խաղաղության ավարտվածության տպավորություն և մեծ գայթակղություն է առաջացնում հավատալու, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը մնացել է անցյալում։ Սակայն քաղաքական իրականությունը պահանջում է ոչ թե սիմվոլների, այլ փաստերի լեզվով խոսել։

Իսկ փաստերը այլ բան են ասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս երեք հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու «հակամարտության փակման» մասին պնդումները, իսկ միասին վերցրած՝ լիովին բացառում է նման եզրահանգումը։

Այս պայմաններում խաղաղության մասին հայտարարությունները ձեռք են բերում սիմվոլիկ բնույթ։ Ձևավորվում է խաղաղության պատրանք, որը քաղաքական հաղորդագրություն է՝ ուղղված հիմնականում Հայաստանի ներքին լսարանին։ Հատկապես նախընտրական փուլում նման նարատիվը կարող է ծառայել ապագայի վերաբերյալ արհեստական վստահության ձևավորմանը։

Միջազգային հարաբերություններում վաղաժամ և չհիմնավորված հայտարարությունները ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, նա փաստացի նվազեցնում է հետագա միջազգային միջնորդության, ճնշման և աջակցության հնարավորությունները։ Եթե հակամարտությունն արդեն «փակված» է հայտարարվում, ապա ի՞նչ հիմքով պետք է միջազգային հանրությունը արձագանքի ապագա ճգնաժամերին կամ նոր պահանջներին։ Միջազգային հանրությունը (հատկապես ԱՄՆ-ը, որը միջնորդել է) կարող է հղում անել հենց Փաշինյանի խոսքերին և ասել՝ «հարցը լուծված է, շնորհակալություն խաղաղության համար»:

Ահա այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք խոսքը հակամարտության փակման մասին է, թե իրականում փակվում է Հայաստանի դիվանագիտական մանևրի դաշտը։ Ընտրություններից հետո, երբ Ադրբեջանը կարող է առաջ քաշել նոր պահանջներ կամ ուժեղացնել ճնշումը, Հայաստանը կարող է հայտնվել առավել խոցելի վիճակում։ Միջազգային գործընկերները շատ հեշտ կարող են հղում անել հենց Երևանի պաշտոնական հայտարարություններին՝ պնդելով, որ հարցը լուծված է, իսկ կողմերը՝ հաշտված։

Այսպիսով, խաղաղության մասին վաղաժամ հռչակումը ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այլ կարող է վերածվել քաղաքական ինքնասահմանափակման։ Խաղաղությունը չի կարող հաստատվել մրցանակով կամ հանդիսավոր ելույթով։ Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմքում ունի իրավական փաստաթուղթ, տարածքային հստակություն և հումանիտար լուծում։ Մինչ այդ «հակամարտության փակված էջի» մասին խոսքը մնում է վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն՝ հնարավոր ծանր հետևանքներով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի