Ներքին 5 ամիս առաջ - 20:24 04-02-2026

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգի հետ

Փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում կայանալիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Մարզիկներին քաջալերելու և առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ նրանց աջակցություն հայտնելու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիր, որտեղ անցկացվում են գեղասահորդների մարզումները։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը հետևել է մարզումային գործընթացին, ծանոթացել նախապատրաստական փուլին և մաղթել հաջող ու վստահ ելույթ Օլիմպիական խաղերում։

«Անկասկած, սրտատրոփ հետևելու ենք ձեր մրցելույթին: Հավատացած եղեք՝ մեր դրական էներգիան փոխանցում ենք ձեզ՝ հույսով, որ հաջողությունը կլինի ձեր ուղեկիցը: Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հետաքրքրվելով մարզիկների նախապատրաստական ընթացքով, ֆիզիկական պատրաստվածությամբ:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինի Հայաստանի դրոշակակիրը:

Գեղասահորդների խոսքով՝ սա իրենց համար մեծ պատասխանատվություն և պատիվ է։ ԿԳՄՍ նախարարի հետ զրույցում նրանք շնորհակալություն են հայտնել աջակցության և ջերմ բարեմաղթանքների համար: Կարինա Ակոպովան նշել է՝ Սոչիում, ապա Երևանում անցած նախապատրաստությունից հետո իրենք լավագույնս պատրաստ են Օլիմպիական խաղերին և մեծ ոգևորությամբ են սպասում մրցումների մեկնարկին:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում: Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին