Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:00 30-01-2026

Աննա Հակոբյանը չի ուզում միայնակ մնալ, Ավինյանը 3 ստացավ, Մամիջանյանի կոշտ ելույթը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 30-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ չի ցանկանում գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։ «Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։ Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։ Ինչևէ»,- գրել է Փաշինյանի կողմակիցը՝ առաջարկելով, որ այսուհետ մարդիկ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնեն` «հիմա ի՞նչ ես կարդում»։ Ըստ Աննա Հակոբյանի՝ «ոնց ես»-ը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք, թե ով ոնց է։ «Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք՝ ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում` վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սև ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կտաս»։ Երաշխավորում եմ` 2 ամսվա մեջ մենք մեզ չենք ճանաչի՝ լավ իմաստով, իհարկե»,- գրել է նա։ Փաշինյանի քաղաքացիական կինը խնդրել է միանալ իր նախաձեռնած արշավներին՝ հատուկ ընդգծելով, որ դրանք չեն կծում։


Հայաստանը քաղաքականապես բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ ԵԽԽՎ լիագումար նիստում նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա իր ելույթից առաջ մի պահ լռել է, այնուհետև բացատրել է, որ դա արել է ցույց տալու համար, թե ինչ են զգում Հայաստանում, երբ լռում են միջազգային կառույցները։ «Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով։ Լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են։ Լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում։ Լռություն»,– ասել է նա։ Մամիջանյանը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել, որին անմիջապես հաջորդեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը։ «Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին և մի ամբողջ լրատվական գործակալություններին։ Լռություն: Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում, և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով։ Լռություն: Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ արգելում բացակայել երկրից։ Լռություն: Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել, քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի»,– ընդգծել է նա։ Ընդդիմադիր պատգամավորը ԵԽԽՎ–ում բարձրաձայնել է նաև ՀՀ–ում քաղբանտարկյալների և Բաքվում պահվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկության խնդիրը։ Ըստ Մամիջանյանի` 50 հայ Հայաստանում, 19–ը` Բաքվում, բանտարկված են զուտ հայ լինելու համար։


Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի մոտ Երևանի բժշկական կենտրոններից մեկում իրականացված հետազոտության արդյունքում սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։ Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։ «Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին»,- նշել է նա։ Լինդայի խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելեց, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք