Կառավարության՝ հունվարի 29-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ գիտության ոլորտի զարգացման՝ 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը:
Ծրագիրը 94 գործողություն է ներառում: Դրանք այն թիրախներն են, որոնց պետք է հասնել մինչև 2030 թվականը: Նախարարը թվարկեց այդ թիրախներից մի քանիսը:
«Նախատեսում ենք, որ արտերկրի առնվազն 400 առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր կհիմնեն ՀՀ-ում՝ դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը:
Առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում: Արտերկրի 150 երիտասարդ հետազոտողների՝ ՀՀ տեղափոխման ծրագիր ենք ներդնելու, նաև գլոբալ առաջատար 5 հետազոտողների՝ ՀՀ տեղափոխման:
Կհիմնադրվի ռիսկային նախաձեռնություններում ներդրումների՝ պետություն-մասնավոր հիմնադրամ, կներդրվի մասնավոր հատվածում մտավոր սեփականության պաշտպանության խթանման համակարգ»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց՝ գիտության ռազմավարական ծրագրի ամենակարևոր հանձնառությունն է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսի, որի շուրջ 0,75 տոկոսը նախատեսվում է իրականացնել պետության կողմից, իսկ 0,25 տոկոսը՝ մասնավորի կողմից՝ խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում:
Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ խնդրին ու նշեց, որ միայն 2025 թվականին գիտության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է շուրջ 40․2 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 14 միլիարդ դրամ։ «Կարող ենք տեսնել, որ աճն էական է»,-նշեց նա։
Փաշինյանը կարևորեց նաև, թե բյուջետային փոփոխությունների արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել գիտաշխատողների վարձատրության համակարգում՝ համեմատելով 2021 և 2026 թվականների նվազագույն աշխատավարձերը։
«2021 թվականից մինչև 2026 թվականը 142 գիտական սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 միլիարդ դրամ, որոնց թվում է նաև Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգիչը։ Դրա ձեռքբերման և տեղադրման ծախսերը կազմել են 3․7 միլիարդ դրամ»,- ասաց վարչապետը։