Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:00 27-01-2026

Եռաբլուրում վիճակը լարված էր, զոհվածների ծնողները դեմ էին, ընդդիմությունը բոյկոտեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուց հետո իշխանական վերնախավն այսօր վաղ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում էր: Նախքան բարձրաստիճանների ժամանելը զոհվածների հարազատներից ոմանք ամեն օրվա պես արդեն իրենց հարազատների շիրիմների մոտ էին, պարզապես այսօր առավոտ կանուխ էին հասել պանթեոն, որ թույլ չտան Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին: Փաշինյանի այցին ընդառաջ Եռաբլուրում ուժեղացված հսկողություն էր իրականացվում։ Լրագրողների մուտքը Եռաբլուր արգելվել էր, թույլատրվել էր միայ նկարահանում իրականացնել միայն Եռաբլուրի ներքևի հատվածից։ Փաշինյանը Եռաբլուրում մնաց մոտ 15 րոպե , 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին չմոտեցավ, ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Պատիվ ունեմն» ու «Հայաստանը» այսօր «Եռաբլուր» չեն այցելել։ Նրանց ներկայացուցիչները հայտնել են, որ զինվորական պանթեոն կայցելեն վաղը՝ Բանակի օրվա առիթով:

Մեկ շաբաթ էլ չկա, որ հունվարի 27-ը Հայաստանում սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», բայց Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղերձում արդեն պնդեց, որ քաղաքացիները սկսել են այս օրն անվանել «երկնային բանակի օր»։ «Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ և մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում, և սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի», - ասված է ուղերձում: Կառավարության ղեկավարը նաև վստահեցրել է, որ «մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն և ոչ թե կոտրող»։ «Այս հարցին տրվել է հստակ և աներկբա պատասխան․ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը բարձրանա։ Եվ, հետևաբար պետությունը՝ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը»,- ասվում է կառավարության ղեկավարի ուղերձում։

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը ևս դեմ է հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու որոշմանը։ «Ես չեմ տեսնում, որ այս օրը որևէ կապ ունենա հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձությունների հետ։ Չնայած երկար փնտրտուքներին, ես չեմ գտնում որևէ պաշտպանական գործողություն կամ հաղթանակ, որը կապված լինի հենց այս օրվա հետ։ Միակ հիշատակը, որը միջազգային համատեքստում նշվում է, Հոլոքոստի զոհերի օրն է»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց տիկին Աստղիկը։ Նա համոզմունք հայտնեց, որ հիշատակի օրվա ընտրությունը ցույց է տալիս այն քաղաքական տրամաբանությունը, որը չի արտացոլում հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, և հավելեց, որ դա կապված է ներկա իշխանությունների օտարասիրության մոլուցքի հետ: «Տեսնում ենք, որ որոշ օրերի ընտրությունը տեղի է ունենում մի ձևով, որը չի արտացոլում իրական պատմական նշանակությունը»,- ասաց նա։ Խոսելով օրվա ընթացքում Եռաբլուրում ստեղծված մթնոլորտի մասին՝ Աստղիկ Գալեյանը նշեց. «Առավոտից տարածքը վերահսկվում էր ուժային կառույցների կողմից, նույնիսկ լրագրողների աշխատանքն էր սահմանափակված։ Սա ստեղծեց զգուշավորության և լարվածության մթնոլորտ, որը տպավորություն է թողնում մարդկանց վրա»։ Աստղ Գալեյանը նկատեց նաև, որ յուրաքանչյուր զոհված զինվորի հիշատակը անձնական է, և եթե որոշվի սահմանել ընդհանուր հիշատակի օր, այն պետք է համընկնի իրական պատմական փաստերի և ժողովրդի ցավի հետ։ Ըստ նրա՝ ավելի տեղին կլիներ որպես հիշատակի օր նշել սեպտեմբերի 27-ը, քանի որ այն կապ ունի հայ ժողովրդի համար ծանր և հիշարժան իրադարձության հետ․ հենց այդ օրը սկսվեց հայ ժողովրդի ոչնչացման գործընթացների սկիզբը։ Տիկին Աստղիկը նաև տեղեկացրեց, որ վաղը Հայոց բանակի օրվա առթիվ կայցելի, հարգանքի տուրք կմատուցի բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են երկիրը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից