Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր։ Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում.
«Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է, կան ծանր դեպքեր։
Շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 27-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ, իրար են բախվել ընդհանուր 15 տրանսպորտային միջոցներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։