Մամուլ 9 ամիս առաջ - 08:29 21-01-2026

ՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորներին «պատերի տակ վնգստացող» անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։

Այսօր խորհրդարանում քվեարկվելու է շատ վաղուց շրջանառվող՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։

Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։ Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված է լինելու 11 անդամից, որից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։

Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է հագեցնել, ճնշել և կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ հարուցվելու է կարգապահական վարույթ։

Շատ մասնագետներ պնդում են, որ ճիշտ կլինի, օրինակ, հարուցման շեմը լինի 6 կամ ավելի, իսկ որևէ դատավորի հարցը ԲԴԽ ուղարկելու շեմը՝ օրինակ ոչ թե 6, ինչպես նախագծում է, այլ գոնե 8։

Սա ակնհայտ միջամտություն է դատավորների անկախությանը և այդ համայնքի աշխատանքներին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է նաև հետևյալը․
«Ընդ որում, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնել»։

Ոչ նախկին նախագծում, ոչ այժմ չկա որևէ դրույթ, որի մասով նախատեսված է հետադարձության խնդիր, այնինչ 14․01․2026 թվականին Պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ ԱՆ փոխնախարար Տիգրան Դադունցը պնդեց, որ այս նորմին պետք է տրվի հետադարձություն, ինչը ակնհայտ հակասահմանադրական է, քանի որ դա վատթարացնող նորմ է։ Իսկ վատթարացնող որևէ նորմ, ըստ մայր օրենքի, հետադարձ ուժ չի կարող ունենալ։

ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասում էր, որ ոչ թե պետք է սահմանափակել դատարաններում հանդես գալը, այլ ավելի կտրուկ մոտեցում ցուցաբերել՝ փաստաբան անդամի դեպքում արտոնագիրը պետք է կասեցնել։

Հիշեցնենք, որ վերջերս անցկացվել են ընտրությունները դատավորների ազատ կամարտահայտության արդյունքում։ Բացի այդ, հանձնաժողովի ոչ դատավոր անդամի աշխատանքը փոխհատուցվող աշխատանք է, և ընտրված անդամն ունի լեգիտիմ ակնկալիք, որ 4 տարի վարձատրվելու է։ Իսկ նախագծի հաստատման պարագայում ոչ միայն հակասահմանադրական ձևով երկընտրանքի առաջ է կանգնում այդ անդամը՝ մնալ հանձնաժողովում, թե զբաղվել փաստաբանությամբ, այլև զրկվում է լեգիտիմ ակնկալիքից։

Ի վերջո, այս նախագծով միջամտություն է կատարվում դատավորների ընտրությանը, ինչը անընդունելի է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»