Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 22:36 20-01-2026

Թուրքիան բանակցում է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու շուրջ

Թուրքիան սկսել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորված պաշտպանական համաձայնագրին (պակտ) միանալու շուրջ։

Հայտնում է Ermenihaber.am-ը:

Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են, իսկ երեք երկրների միջև հնարավոր համաձայնությունն ունի Մերձավոր Արևելքում և դրանից դուրս ուժերի հավասարակշռությունը փոխելու ներուժ։

Մինչդեռ թուրքական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով միջազգային մամուլին, նշում են, որ եռակողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են և 2026-ի առաջին քառորդում գործընթացն արդեն պաշտոնական բնույթ կկրի։

Պաշտոնական Անկարան ոչ հաստատել է և ոչ էլ հերքել այս տեղեկությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հարցումը։ Նույն կերպ միջազգային մամուլում տարածված հրապարակումներին չեն արձագանքել նաև Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պատկան մարմինները։

Հիշեցնենք, որ 2025-ի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրվել էր պաշտպանական համաձայնագիր, որի համաձայն՝ կողմերից մեկի դեմ իրականացված «ցանկացած հարձակում» կհամարվի որպես հարձակում նաև մյուսի նկատմամբ։ Համաձայնագիրը նաև նպատակ ունի զարգացնել երկու երկրների պաշտպանական համագործակցությունը և ամրապնդել ցանկացած ագրեսիայի համատեղ զսպումը։ Միջազգային մամուլում այս դաշինքը մեկնաբանվել է որպես «իսլամական ռումբ» կամ Պակիստանի կողմից Սաուդյան Արաբիային տրամադրվող «միջուկային հովանոց»։

Վերոհիշյալ աղբյուրները Թուրքիայի հնարավոր մասնակցությունը այս համաձայնագրին բացատրում են հետևյալ կերպ․ «Ընդլայնված դաշինքը կարող է իմաստալից լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Ասիայում, Մերձավոր Արևելքում և անգամ Աֆրիկայում Թուրքիայի շահերը գնալով ավելի են համընկնում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի շահերի հետ։ Մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք-խմբ․) նկատմամբ հարցականի տակ է դրվում, Թուրքիան եռակողմ դաշինքը դիտարկում է ինչպես սեփական անվտանգության կարիքները բավարարելու, այնպես էլ զսպման մեխանիզմներն ուժեղացնելու միջոց»։

Զարգացող բազմաբևեռ միջավայրում երկրներն ավելի ու ավելի են փորձում պաշտպանվել ռազմական համագործակցությունների դիվերսիֆիկացիայով/ բազմազանեցմամբ: Տարածաշրջանում Իսրայելի աճող գերիշխանությունը և վերջինիս բազմավեկտոր քաղաքականությունն ու գործողություններն արագացնում են տարածաշրջանային երկրների շրջանում կոնսոլիդացիոն տարբեր կենտրոնների կամ անվտանգության նոր ճարտարապետությունների ձևավորմանը։ Այս համատեքստում իսլամական աշխարհում ընդհանուր անվտանգության շրջանակ ձևավորելու գաղափարն էլ ավելի է ուժեղանում և ստանում ավելի իրատեսական ու կիրառական բնույթ։

Այս տրամաբանությամբ Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա հնարավոր ձևաչափը դիտարկվում է ոչ միայն որպես պաշտպանական համագործակցության հարթակ, այլ նաև որպես տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա ազդող գործիք։

Դաշինքի իրագործումը կարող է վերաճել սուննիադավան երկրների ներսում համակարգող անվտանգության մեխանիզմի՝ ուղղված ինչպես արտաքին մարտահրավերների չեզոքացմանը, այնպես էլ անկայունությունների կառավարմանը։ Սակայն ներկայում սուննիադավան այլ երկրների մասնակցությամբ այս դաշինքի ընդլայնումը հիմնականում մնում է մտադրությունների մասին հայտարարության և սահմանափակ համագործակցությունների մակարդակում, իսկ իրական խոչընդոտները շարունակում են մնալ ընդհանուր սպառնալիքի ընկալման տարբերությունները և առաջնորդության շուրջ մրցակցությունը։

Թուրք վերլուծաբան և ռազմագետ Նիհաթ Ալի Օզջանի պնդմամբ, այս հնարավոր դաշինքը կնշանակի երեք տարբեր ուժային բաղադրիչների միավորում՝ «բազմապատկման էֆեկտով»։

Օզջանը կարծում է, որ Սաուդյան Արաբիան իր հսկայական ֆինանսական ներուժի և էներգետիկ ռեսուրսների շնորհիվ դաշինքի ֆինանսական շարժիչ ուժն է։ Պակիստանը՝ որպես իսլամական աշխարհի միակ միջուկային տերություն, իր բալիստիկ հրթիռային կարողություններով և մարդկային ռեսուրսներով, ձևավորում է այդ «զսպման առանցքը»։

Թուրք վերլուծաբանի գնահատմամբ՝ Թուրքիայի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) շրջանակում ձեռք բերած փորձը, մարտադաշտում «ապացուցված ռազմական կարողությունները», հատկապես հարվածային անօդաչու թռչող համակարգերի, տեղական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների և «ALTAY» տանկի նման նախագծերով «արագ զարգացող պաշտպանական արդյունաբերությունը», նրան վերապահում են «տեխնոլոգիական առաջնորդի» դեր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան