Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 12:15 19-01-2026

Եթե Եղիշեն խոսի, ապա չեմ բացառում, որ այլ մեղադրյալներ ևս կարող են ներգրավվել․ Նորիկյան

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով փաստաբան Նորիկ Նորիկյանը լրագրողների հարցերին պատասխանելիս քննադատեց քրեական գործի քննության ընթացքը՝ նշելով, որ ներկայում բացահայտման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվում, ինչը, նրա գնահատմամբ, պետական համակարգի և իրավապահ մարմինների ձախողումն է։

«Ցավում եմ, որ քրեական գործի բացահայտման համար մենք ապահովում ենք միայն այն վարքագիծը, որը դարձել է սովորական։ Սա պետության, իշխանության և իրավապահ մարմինների պարտությունն է, փնթի աշխատանքի հետևանքը։ Եթե իրականացվեին համապատասխան օպերատիվ-հետախուզական գործողություններ և անաչառ քննություն, դրա արդյունքները կարող էին լինել շոշափելի և ճակատագրական»,– նշեց Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ չի բացառվում, որ գործի շրջանակը կարող է ընդլայնվել, և քննության ընթացքում ներգրավվեն նաև այլ անձինք։

«Եթե Եղիշեն խոսի և ներկայացնի այն տեղեկատվությունը, որին տիրապետում է կամ կարող է տիրապետել, ապա չեմ բացառում, որ այլ մեղադրյալներ ևս կարող են ներգրավվել այս քրեական վարույթում։ Դա չի նշանակում, որ ներկայում մեղադրվող անձանց մեղավորությունը կասկածի տակ ենք դնում․ նրանց վերաբերյալ մեղադրանք է առաջադրված, և քննությունն ընթանում է, իսկ վերջնական գնահատականը կտա դատարանը»,– ասաց փաստաբանը։

Նա ընդգծել է, որ եթե որևէ անձ իրականում կատարել է իրեն վերագրվող արարքը, ապա պետք է ենթարկվի օրենքի ողջ խստությանը՝ անկախ դիրքից կամ կարգավիճակից։

Լրագրողի հարցին՝ ինչու Եղիշեն չի խոսում և արդյոք նա վախեցված կամ կաշկանդված է, փաստաբանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր խողովակներով տեղեկություններ են ստացել հնարավոր ճնշումների մասին։

«Ինձ փոխանցվել է, որ Եղիշենին վախեցնում են, որ նա ուզում է խոսել, բայց չի կարող, ընտանիքի հետ կապված խնդիրներ կան։ Ես հստակ ասում եմ՝ ոչ մի բան ձեր կյանքից թանկ չէ։ Եթե կա ճշմարտություն, պետք է այն ասել՝ անկախ նրանից, թե ում է վերաբերում՝ պատգամավորի, պաշտոնյայի, գեներալի, քրեական հեղինակության կամ որևէ այլ անձի»,– հայտարարել է նա։

Փաստաբանը հավելել է, որ պատրաստ է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա և ընդունել ցանկացած տեղեկատվություն, անգամ միջնորդավորված ձևով։

Անդրադառնալով Եղիշեի կողմից նախկինում փոխանցված տեղեկություններին՝ փաստաբանը նշեց, որ այս պահին չի կարող հաստատել կամ հերքել դրանց ուղղակի կապը հրդեհի կամ այլ անձանց հնարավոր ներգրավվածության հետ։

«Ես հրապարակել եմ այդ տեղեկությունները միայն այնքանով, որքանով մենք մտնում ենք Եղիշեի հիմնական հարցաքննության փուլ։ Սա նաև ազդանշան է՝ հորդոր, որ նա խոսի և ներկայացնի այն ամենը, ինչ գիտի։ Եթե դա չարվի, ես այդ հարցերը կբարձրաձայնեմ դատարանում»,– ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ փոխանցված տեղեկատվության շարժառիթներն ու նպատակներն այս փուլում մնում են անհասկանալի, սակայն դրանք անմիջապես փոխանցվել են տուժողների ծնողներին։

«Մենք ակնկալել ենք, որ Եղիշեն ինքը խոսի այդ տեղեկությունների մասին։ Չեմ կարող բացառել որևէ վարկած, թե ինչ նպատակով են դրանք մեզ փոխանցվել»,– եզրափակեց փաստաբանը։

Մանրամասները` տեսանյութում: