Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 20:15 17-01-2026

Լրագրողները խանգարում են ընտրվելուն. Ց տեսություն

Ասում են, թե Մամուլի ազատության առումով ՀՀ-ն տարածաշրջանի առաջատարն է։ Այս տարի Վրաստանը 114-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 167-րդ։ Հայաստանին զիջում են նաև հարևան Թուրքիան (159-րդն է) և Իրանը (176-րդն է)։

180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզանականը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ Այս ինդեքսը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ամփոփելով 2025-ի արդյունքները։

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածն էլ երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը:

Որ պատկերացնեք թե ինչքան է դե յուրե կարևորված մամուլի ազատությունը, նույնիսկ հատուկ օր ունենք նվիրված դրան․ մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է։

Բայց իրականությունն այլ բան է ասում․ Հայաստանում լրագրողները թիրախավորվում են, հատկապես նախընտրական շրջանում նրանց նկատմամբ բռնաճնշումները գնալով ուժեղանում են, դրան գումարած սպառնալիքներ, տեղեկատվություն չտրամադրել, հավատարմագրումներից զրկել։

Քաղաքական տեսության դիտանկյունից մամուլի ազատությունը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ արժեք, այլ որպես ժողովրդավարական իշխանության վերահսկման հիմնարար ինստիտուտ։ Լիբերալ-դեմոկրատական մտածողության մեջ (Լոք, Միլ, հետագայում՝ Դալ) ազատ մամուլը կոչված է ապահովելու հանրային բանավեճը, պատշաճ ընտրությունների ընթացքը և իշխանության հաշվետվողականությունը։ Սակայն նախընտրական շրջաններում տեսական իդեալական վիճակը ամենախոցելին է դառնում։

Նախընտրական փուլը քաղաքական մրցակցության բարձրագույն կետն է, որտեղ տեղեկատվությունը դառնում է իշխանական ռեսուրս։ Քաղաքական տնտեսության տեսության համաձայն՝ այն դերակատարները, որոնք վերահսկում են տեղեկատվական հոսքերը, իրական առավելություն են ստանում ընտրական գործընթացում։ Այս պայմաններում մամուլի ազատությունը դե յուրե պահպանվում է, բայց դե ֆակտո ենթարկվում է սահմանափակումների․ ոչ թե լրիվ արգելվում է, այլ հայտվում է փակ օղակում։

Եկեք հերթով հասկանանք ինչպես է մամուլի ազատությունը խախտվում նախընտրական շրջանում․

Առաջին՝ օրակարգի ձևավորման (agenda-setting) խնդիրը։ Թեև մեդիան կարող է ֆորմալ առումով ազատ լինել, նախընտրական շրջանում օրակարգը հաճախ թելադրվում է իշխանության կամ խոշոր քաղաքական խաղացողների կողմից։ Որ հարցերն են լուսաբանվում, որոնք են երկրորդական դառնում, ում ձայնն է հնչում, ումը՝ լռեցվում։ Այս մեխանիզմը քաղաքական տեսության մեջ ընկալվում է որպես «փափուկ հեգեմոնիա» (Գրամշի)՝ առանց բռնության, բայց կայուն ազդեցությամբ։

Երկրորդ՝ մեդիայի ինստրումենտալիզացիան։ Պլյուրալիզմի տեսությունը ենթադրում է բազմաձայն մամուլ, սակայն նախընտրական շրջանում այդ բազմազանությունը դառնում է ձևական երևույթ։ Մեդիան բաժանվում է «մերոնքականների» և «նրանց» միջև, իսկ լրագրողները դե իհարկե դառնում են որևէ քաղաքական ճամբարի խոսափող, թեկուզ եթե լրագրողը ճամբարական էլ չլինի, իշխանությանը դուր չի գալիս այլ կարծիքի արտահայտումը նման վճռորոշ փուլում։

Երրորդ՝ իռացիոնալ ընտրության տեսության տրամաբանությամբ լրագրողն ու խմբագրությունը նախընտրական շրջանում հաճախ հաշվարկում են ռիսկերը՝ դատական հետապնդում, լիցենզիայի խնդիր, ֆինանսական ճնշում, ֆիզիկական անվտանգություն։ Արդյունքում ազատությունը չի ճնշվում վերևից, այլ սահմանափակվում է ներսից։ Գործի է դրվում ինքնագրաքննությունը։ Սա ամենավտանգավոր ձևն է, քանի որ անտեսանելի է և դժվար չափելի։

Չորրորդ՝ ազատության և կայունության կեղծ դիլեման։ Նախընտրական շրջանում իշխանությունները հաճախ արդարացնում են մեդիայի նկատմամբ վերահսկողությունը «հասարակական կայունության», «ատելության խոսքի կանխման» կամ «պետական անվտանգության» անվան տակ։ Քաղաքական տեսության մեջ սա դասական լարվածություն է ազատության և կարգուկանոնի միջև, որտեղ ազատ մամուլը հաճախ զոհաբերվում է կարճաժամկետ քաղաքական նպատակներին։

Այսպիսով, եթե խաղաղ ժամանակ մամուլի ազատությունը չափվում է օրենքներով և ինդեքսներով, ապա նախընտրական շրջանում այն ստուգվում է պրակտիկայով։

Քաղաքական տեսության լեզվով ասած՝ եթե նախընտրական շրջանում մամուլը չի կարող կատարել «չորրորդ իշխանության» իր գործառույթը, ապա ընտրությունը դառնում է ոչ թե հանրային կամքի արտահայտություն, այլ լավ ձևակերպված տեղեկատվական մրցակցություն։

Իսկ վերջում հաղթում են նրանք, ում պրոպագանդան ամենից ուժեղն էր։


Ամենից շատ դիտված