Ներքին 4 ամիս առաջ - 19:46 17-01-2026

Հայաստանում ՏՏ ընկերությունների թիվն աճել է 1225 տոկոսով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Փաշինյանը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռնկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, թե 2018 թվականի համեմատ ինչ է փոխվել ոլորտում:

«Մեր վիճակագրությունն ասում է, օրինակ, որ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով»,-ասել է նա և հավելել, որ դրամաշրջանառությունը 171%-ով է աճել, այսինքն՝ ոլորտի դրամաշրջանառությունը գրեթե քառապատկվել է, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից հետո։ Ինչ վերաբերում է ոչ վիճակագրական տվյալներին, ապա, Փաշինյանի խոսքով, էական փոփոխություններ են տեղի ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, Հայաստանի ամբողջ տարածքում գործում է արբանյակային ինտերնետը՝ Սթարլինքի ծառայությունները, ինչն իր հերթին նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է երկու օր առաջ Երևանի պետական համալսարանում բացված ժամանակակից սուպերհամակարգչի մասին, որն առաջինն է, որ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության միջոցներով:

Ոլորտի զարգացման համատեքստում նա կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում, և ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս համատեքստում, Փաշինյանի կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման: «Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաև ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։

Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան