Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:12 14-01-2026

Դանիան զորք է մտցրել Գրենլանդիա, ովքեր կպատերազմեն Ռուսաստանի դեմ. Աշխարհը 5 րոպեում

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 14-ի միջազգային լրահոսը:

Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել, և որոշ սարքավորումներ են վնասվել, միջուկային տեխնոլոգիաները և կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով, մեր մտավոր ներուժը և գիտական բազան մնում են անվնաս։ Ներկայումս մեր միջուկային օբյեկտները վնասված են, և դրանք վերականգնելու անհապաղ ծրագրեր չկան։ Վերանորոգումները կսկսվեն միայն անվտանգության սպառնալիքների լիակատար վերացումից հետո», - ասել է նա։ Նախարարը ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում։ Նա ասել է, որ իրադարձությունները բացահայտել են «թույլ կետեր», և երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում։

Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա և առաջադեմ հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա՝ ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար, հաղորդում է դանիական DR ռադիոն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին։ Առաջնային ջոկատը, որը ներառում է բանակային ստորաբաժանումների զինվորներ, նախատեսված է հիմնական ուժերին ընդունելու համար լոգիստիկ և ենթակառուցվածքային պատրաստվածությունն ապահովելու համար։ «Հունվարի 12-ի երեկոյան Դանիայի ռազմաօդային ուժերի Challenger ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում: Չնայած պաշտոնական հաստատում չկար, որ այս թռիչքը կապված էր պաշտպանական ուժեղացման հետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը խորհրդարանական հանձնաժողովի առջև փակ ճեպազրույցից հետո հայտարարել է տարածաշրջանում մշտական ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին»,- նշել է ռադիոն:

Եվրոպական այն հայտարարությունները, որ Ուկրաինայում հրադադարից բացի ամեն ինչ երկրորդական է, նպատակ ունեն ժամանակ շահել՝ Կիևի ռեժիմին աջակցելու և նրա գոյությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նամիբիայի արտգործնախարար Սելմա Աշիպալա-Մուսավյայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Երբ եվրոպացիներն ասում են, որ հրադադարից բացի մնացած ամեն ինչ երկրորդական է, պարզ է, թե ինչի մասին են խոսում. խոսքը Կիևի ռեժիմին աջակցելու, դրա գոյությունը պահպանելու համար լրացուցիչ ժամանակ շահելու մասին է»,- ասել է Լավրովը։ «Եվ, ըստ էության, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկվում են Եվրոպայում, այդ թվում՝ Փարիզում Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ քննարկվածները, այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են բացառապես Ուկրաինայի այն հատվածում ներկայիս նացիստական ռեժիմի պահպանմանը, որը նրանք հույս ունեն, որ կմնա կարգավորումից հետո, որը հնազանդորեն կատարում է Արևմուտքի կամքը, առաջին հերթին՝ Բրյուսելի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կամքը։ Եվ Բրյուսելը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմի նախապատրաստմամբ։ Նրանք այս մասին բացահայտ խոսում են», - նշել է ՌԴ արտգործնախարարը։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը անցյալ շաբաթավերջին գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փեհլեվիի հետ՝ քննարկելու Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Իրանում հնարավոր զարգացումները, Փեհլեվիին անվանել է լավ մարդ, սակայն նշել է, որ ներկայումս նպատակահարմար չի համարում նրա հետ հանդիպելը որպես ԱՄՆ նախագահ։ Փեհլեվին ավելի վաղ տված հարցազրույցում նշել է, որ ինքը չի խնդրել իրանցիներին դուրս գալ փողոցների և կռվել Իրանի իշխանությունների դեմ, դա նրանց ցանկությունն էր: Նրա խոսքով՝ նա օգնության ձեռք է մեկնում իրանցիների խնդրանքով: Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 29-ին, որոնք հետագայում վերածվել են զանգվածային անկարգությունների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»