Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
2025 թվականին Զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել։ Այս մասին այսօր Սուրեն Պապիկյանն է հայտարարել՝ նշելով, որ նրանցից 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով: Մյուս 6-ից 2-ը ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են: Ըստ Պապիկյանի՝ 2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Պաշտոնյան ընգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ «Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ապա մենք չենք պատրաստվում մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջան հետ։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է»,- ասաց նա։ Ըստ Պապիկյանի՝ դա միաժամանակ չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է զենքի, ռազմական տեխնիկային գնումներն ու բանակի արդիականացումը։ Նա նաև նշեց, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում. ՀՀ ԶՈւ-ն աստիճանաբար ավելացնելու է պայմանագրային զինծառայողների մասնաբաժինը։ Պապիկյանը վստահ է՝ այսպիսով հայկական բանակը հետևողականորեն վերափոխվելու է պրոֆեսիոնալ բանակի:
Սուրեն Պապիկյանը նաև հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը հասանելիություն չունի Սև լճի դիրքին, իսկ ադրբեջանական զինծառայողները չեն ստուգում հայ զինծառայողներին։ Նշենք, որ տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական զինծառայողները Սև լճի դիրքում ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին։ «Հերքում եմ, հերքում եմ և հերքում եմ այդ տեղեկությունը։ Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծվել է մի իրավիճակ, խոսքը Սև լճի դիրքի մասին է, որին հասանելիություն չունենք։ Ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ պիտի թողնենք դիրքը, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա նոր չէ, հստակ է, ու ես չեմ դրա հեղինակը և միակ շահառուն։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ մեղադրելու եք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ»,- նշեց Պապիկյանը։ Նրա խոսքով՝ այսօր հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված «բլոկ պոստով»։ Եզրափակելով խոսքը՝ Պապիկյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ ադրբեջանական զինծառայողները հայ զինծառայողներին չեն ստուգում Սև լճի դիրքում։ Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանը, պնդեց, որ ստուգումների մասին վկայություն են տվել 100-ից ավելի զինվորներ, ովքեր այդ տարածքում են ծառայել, իսկ հարցմանն ի պատասխան պաշտապնության նախարարությունը հաստատել է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական անցակետերում ծառայություն իրականացնող զինվորները շատ լավ խոսում են հայերեն։ «Պապիկյան Սուրիկը ուղղակի ստում է, լկտիաբար ստում է Պապիկյան Սուրիկը՝ ով ժամանակին դիմում էր գրում Հանրապետական կուսակցությանը միանալու համար լկտաբար ստում է, Պապիկյան Սուրիկը, ով ժամանակին աշխատել է Բարսեղ Բեգլարյանի՝ հայտնի Ֆլեշի Բարսեղի մոտ, լկտի ստում է, Պապիկյան Սուրիկը՝ ով մինչև հիմա ժողովրդին ներկայացնում է որ իրենք թավշիա, ոչ բեռնի հեղափոխություն են արել, իսկ դա եղել է իշխանության փոխանցում, լկտի ստում է»,- շեշտել է Համբարձումյանը։
Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ բարերարի նկատմամբ հիմա ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում։ «Օրինակ` Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել իր տղային կամ աղջկան, հարցնել, թե ինչպես ես, որը բանտային պայմաններում կարող էր իրականացնել։ Բանտային պայմաններում կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է։ Հետևաբար մեր հանրության շատ ստվար զանգվածի մոտ եթե նույնիսկ թյուր ըմբռնում կա, թե իբր առկա է որոշակի համաձայնություն և այլն, ուզում եմ փարատել նրանց մտահոգությունը՝ նման համաձայնություն չկա, Սամվել Կարապետյանի դեպքում չի էլ կարող լինել»,- ասաց Ֆերոյանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։ Սամվել Կարապետյանը կալանավայրում էր 2025 թվականի հունիսի 18-ից՝ այն բանից հետո, երբ նա հրապարակային աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։
Մանրամասները՝ տեսանյութում: