Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին իրական ցնծության մեջ էր։ Մի շարք քահանաներ նույնական հայտարարություններ էին արել՝ «Ես՝ այսինչ այսինչյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերենորոգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»։
Քահանաների հայտարարություններին անդրադառնալով, Փաշինյանը խոստացավ ՀՀ կառավարության ամբողջական աջակցությունը տրամադրել նրանց։ «Ցանկացած հարց, որը Ձեր հարցն է՝ իմ հարցն է»,- ասաց նա։ Իսկ որոշ ՔՊ-ականներ ոգևորված կարծիք հայտնեցին, որ շուտով բոլոր հոգևորականները կմիանան Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավին, ու վերջինս կմնա միայնակ։
Իհարկե՝ զարմանալի է, որ հոգևորականները նույնական տեքստով միացան Փաշինյանի հայտարարությանը։ Տպավորություն է, որ ինչ-որ ձեռք ուղղորդել է նրանց։ Ո՞ւմ դրդմամբ, ճնշմամբ կամ հորդորով քահանաները միացան Փաշինյանի արշավին։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է մի քանի վարկած։
Առաջին վարկածը տանում է դեպի ԱԱԾ։ Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ-ականներն աշխատանք են տանում, որ քահանաները պատարագի ժամանակ զեղչեն Գարեգին Բ-ի անունը։ Ենթադրելի է, որ այս պարագայում ևս ԱԱԾ-ն է քահանաներին դրդել, որ միանան Փաշինյանի արշավին։ Ու քանի որ այս կառույցում խիստ կարգապահություն է, ապա օրինաչափ է, որ միանալու տեքստը բոլորի համար նույնական պետք է լիներ։
Այս վարկածի օգտին է վկայում նաև մեկ այլ հանգամանք։ Հունվարի 8-ին Փաշինյանն այցելել էր ԱԱԾ և ներկա գտնվել ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Ենթադրելի է, որ Փաշինյանն այս այցի ժամանակ հանձնարարել է ավելի ինտենսիվ աշխատել քահանաների հետ ու ստիպել նրանց միանալու Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավին։
Ի դեպ՝ երբ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր, ԱԱԾ աշխատողի օրն ավանդաբար նշվում էր դեկտեմբերի 20-ին՝ «Չեկիստի օրը»։ Այդպես Փաշինյանը ցույց էր տալիս, որ քաղաքականապես ռուս է, սպասարկում է ռուսական շահերը։ Հետագայում՝ այս օրը փոխվեց, և հիմա այն նշվում է հունվարի 8-ին։ Այսպես նաև ցույց են տալիս, որ ինքնամոռաց և ազգուրաց չեն սպասարկում ռուսական շահերը։ Ավելին՝ Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավը միջազգային հանրությանը մատուցում են այնպես, իբր ուզում են եկեղեցին ազատել ռուսական գործակալներից։
Երկրորդ վարկածով ենթադրվում է, որ քահանաներն առերես են միացել, մոլորեցնում են Փաշինյանին, իբր նրա հայտարարությունն արձագանք է գտել հոգևորականների շարքերում։ Այսինքն՝ սա մարտավարական քայլ է։ Փաշինյանին մանր պատառներով կերակրելու արդյունքում եկեղեցին ժամանակ է շահում, մինչև կկարողանա պաշտպանություն կազմակերպել և դիմագրավել Փաշինյանի առարկայական գրոհներին։
Նկատենք, որ զանգվածային առերես դավանափոխություն տեղի է ունեցել 5-րդ դարում, երբ Վարդան Մամիկոնյանն ու մյուսները Տիզբոնում առերես դավանափոխ եղան։ Դրան հաջորդեց արյունալի ճակատամարտ։ Այս առումով՝ մտավախություն կա, որ նոր Ավարայր կարող է տեղի ունենալ, որի առաջին շարքերում ձիերով կկանգնեն 10 եպիսկոպոսներն ու նրանց հետևող քահանաները։
Կարճ ասած՝ Փաշինյանի հայտարարած բարենորոգման հայտարարությանը միացող քահանաները պետք է անկեղծ լինեն ու խոստովանեն, թե ինչո՞ւ, ո՞ւմ դրդմամբ են միանում։ Այդպես հնարավոր կլինի խուսափել Ավարայրից ու փրկել հայ քահանայի դեմքը, ցրելով հանրային կասկածները, թե հայ քահանան կարող է նաև փոքրոգի լինել ու ընկրկել ԱԱԾ-ի առաջ կամ գայթակղվել Փաշինյանի ամբողջական աջակցությամբ։
Թաթուլ Մկրտչյան