Առողջ ապրելակերպը միշտ կարևոր է, սակայն այն իրականում թանկ զբաղմունք է։
Մարդիկ սկսել են ամեն կերպ հոգ տանել իրենց առողջության մասին՝ օգտագործելով սննդային հավելումներ, մարզման ծրագրեր, արհեստական բանականության խորհուրդներ և նույնիսկ նիհարեցնող դեղեր։
BBC-ն փորձել է պարզել՝ ինչ նոր ուղղությունների վրա է կենտրոնանալու առողջ ապրելակերպը 2026 թվականին։ Մի քանի մասնագետներ ներկայացրել են իրենց գնահատականները։
Եթե 2025 թվականը նշանավորվեց ծանր մարզումներով, վազքի յուրաքանչյուր վայրկյանի հաշվարկով և ավելի ու ավելի մեծ քաշեր բարձրացնելու մոլուցքով, ապա 2026-ին ուշադրությունը տեղափոխվում է վերականգնման վրա։
Ջեք Ֆիլիպսը՝ միջազգային Les Mills ֆիթնես բրենդի զարգացման տնօրենը, ասում է․ «Տարիներ շարունակ ֆիթնեսը կառուցված էր «ցավ չկա՝ արդյունք չկա» գաղափարի վրա, բայց դա այլևս անցյալում է»։
Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես՝ խելացի ժամացույցները, օգնել են մարդկանց ավելի լավ հասկանալ իրենց մարմինը։ Դրանք ցույց են տալիս՝ երբ է պետք հանգստանալ, երբ ենք չափազանց ծանրաբեռնել մեզ, երբ է օրգանիզմը լավագույն վիճակում։ «Մենք հիմա ունենք տվյալներ, որոնք թույլ են տալիս մեզ ժամանակին կանգ առնել ու մեզ հանգիստ տալ»,- ասում է Ֆիլիպսը։
Վերջինս նշում է նաև, որ 2026 թվականին մարդիկ ավելի հաճախ կլսեն մի նոր հասկացության մասին, որը կոչվում է JOMO։ Եթե FOMO-ն նշանակում է ինչ-որ բան բաց թողնելու վախ, ապա JOMO-ն նշանակում է բաց թողնելու ուրախություն։ Այս գաղափարի էությունը պարզ է․ մարդը պարտավոր չէ ամեն ինչ հասցնել, ամեն տեղ լինել կամ բոլորի նման ապրել։ «Խոսքը ոչ թե պարզապես ինչ-որ բանից հրաժարվելու մասին է, այլ սովորելու՝ հարմարավետ զգալ քեզ հետ, առանց ուրիշների գնահատականը փնտրելու»,- ասում է նա։
Holland & Barrett ընկերության արտադրանքի բաժնի տնօրեն Ռեյչել Չաթերթոնը ասում է, որ 2026-ին շատերը կփորձեն ուժեղացնել իրենց ուղեղը՝ հիշողությունը և ուշադրությունը բարելավելու համար։ Այդ նպատակով տարածվում են տարբեր սննդային հավելումներ՝ օրինակ lion’s mane-ն, ashwagandha-ն և L-theanine-ն։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ դրանց ազդեցությունը լիովին ապացուցված չէ, թեև հետաքրքրությունը դրանց նկատմամբ, հատկապես երիտասարդների շրջանում, արագ աճում է։
Բժիշկ Ալեքս Մաքսվելը նշում է, որ նման հավելումները հրաշք լուծում չեն։ Նրա խոսքով՝ ուղեղի առողջության համար ամենակարևորը շարունակում են մնալ պարզ բաները․ լավ քուն, շարժում և առողջ սիրտ։ Հավելումները չեն կարող փոխարինել քնի պակասը կամ մշտական սթրեսը։
Բժիշկ Զոուի Ուիլյամսը նշում է, որ 2026-ին մեծ ուշադրության կետրոնում է լինելու նյարդային համակարգը, հատկապես՝ վագուս նյարդը։ Նրա խոսքով՝ ամենօրյա փոքր սթրեսները՝ աշխատանքային լարվածությունը, սոցիալական ցանցերը կամ ընտանեկան խնդիրները, մարմինը պահում են մշտական լարված վիճակում։
Բժիշկը խորհուրդ է տալիս պարզ քայլեր՝ ճիշտ ու խորը շնչել, սառը ջրով լվալ դեմքը և երբեմն կանգ առնել ու հանգստանալ։ Այս պարզ մեթոդները օգնում են մարմնին արագ հանգստանալ և դուրս գալ լարված վիճակից։
Բժիշկ Ալեքս Մաքսվելը ասում է՝ առողջ ապրելակերպը բարդ բան չէ․ պետք է պարզապես լավ սնվել, նորմալ քնել և շարժվել։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաները պետք է օգնեն մարդուն, ոչ թե վերահսկեն մարդու կյանքը։ «Առողջ ապրելակերպը անձնական ընտրություն է, և այն, ինչ օգտակար է մեկի համար, պարտադիր չէ, որ նույն կերպ օգնի մյուսին»,- նկատում է նա։