Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտել է։
Այդ մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն` ներկայացնելով գործի մանրամասները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմություններում են հայտնվել, մայիսի 15-ին հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին: Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Էջմիածնի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրել փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ. Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.–ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թ. օգոստոսի 8–ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:
189 մլն 200 հազար դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան 3.5 անգամ պակաս գնով՝ 51 մլն 975 հազար դրամով, օտարվել է վերոնշյալ անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:
Դրանից հետո կրկին Ա. Մ.–ի հանձնարարությամբ և Դիանա Գասպարյանի իմացությամբ 2022 թ. հոկտեմբերի 21–ին նրանց հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը։
Դրանից հետո համայնքի ղեկավարն աճուրդի միջոցով վաճառքի ենթակա 54 մլն 200 հազար դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով` առանց ավագանու որոշման, շուրջ 10 անգամ պակաս գնով՝ 5.509.350 դրամով օտարել է նույն անձին:
Այնուհետև 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով Գասպարյանի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերոնշյալ անձի անվամբ:
Նշված գույքը Գասպարյանի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թ. հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63 մլն 500 հազար դրամով վաճառել է Գասպարյանի ամուսնու մորը, որն այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:
Նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հետագայում հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: