Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է և կայացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին։
Ժամերգությանը զուգահեռ Էջմիածնում տեղի է ունեցել շուրջ 10 եպիսկոպոսների հրավիրված հավաքը։ Վերջիններիս աջակցելու նպատակով Էջմիածին էր ժամանել նաև Բուլղարիայից եկած անձը, որը լրագրողների հետ զրույցում ներկայացել է որպես Տեր Արմեն քահանա Մելքոնյան։
Սակայն հետագա պարզաբանումների արդյունքում հայտնի դարձավ, որ նա կարգալույծ է արված և ներկայումս հայտնի է իր աշխարհիկ անունով՝ Սարգիս Մելքոնյան, որն էլ կրել է մինչև քահանայական ձեռնադրությունը։
Սարգիս Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ներկայացնում է Բուլղարիայի առաջնորդական թեմի խորհուրդը և տեղի հայ համայնքը։
Վառնայի հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Կևորկ Կրիգորյանը, անդրադառնալով թեմայի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց, որ անձամբ չի ճանաչում Մելքոնյանին, սակայն մեկ բան հստակ է. «Վառնայի թեմը և համայնքը աջակցում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։
Տեր Արմեն Մելքոնյանը (աշխարհիկ անունով՝ Սարգիս Մելքոնյան) այն հոգևորականներից է, որը վերջին շրջանում շուրջ տասը այլ հոգևորականների հետ միասին հրապարակային աջակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող գործողություններին։
Վառնայի հայկական համայնքի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Սարգիս Մելքոնյանը բնակվում է Բուլղարիայի Վառնա քաղաքում և որոշ ժամանակ զբաղվել է Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագների կազմակերպմամբ։ Սակայն, ըստ համայնքի անդամների, այդ ծառայությունները իրականացվել են առանց Բուլղարիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոսի օրհնության և թույլտվության։
Վառնայի հայկական բարեգործական միության անդամ Կևորկ Կրիգորյանը նշում է, որ թեմի առաջնորդը մի քանի անգամ զգուշացրել է Մելքոնյանին, որ նա իրավունք չունի Բուլղարիայի տարածքում պատարագ մատուցելու։
«Թեմի առաջնորդը բազմիցս հրավիրել է նրան և հստակ ասել, որ ինքը չունի պատարագ մատուցելու իրավունք Բուլղարիայում։ Քանի որ հարցը չէր լուծվում, այն ուղղորդվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,– ասաց Կրիգորյանը։
Նրա խոսքով՝ Մելքոնյանը հրավիրվել է Մայր Աթոռ՝ բացատրություններ տալու, սակայն պնդել է, թե եկեղեցին համայնքային սեփականություն է, և ինքը իրավունք ունի այնտեղ ծառայություն իրականացնելու։
«Նա ասում էր՝ ինչո՞ւ պիտի ենթարկվի թեմի առաջնորդին, պնդում էր, թե եկեղեցին համայնքինն է, և ինքն իրավունք ունի պատարագ մատուցելու»,- նշեց Կրիգորյանը։
Արդյունքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշմամբ՝ Սարգիս Մելքոնյանը ենթարկվել է կարգալուծության։ Կրիգորյանի փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվել է մոտ մեկ տարի առաջ։
«Ինչպես տեղեկացված եմ, նա շուրջ մեկ տարի է՝ կարգալույծ է։ Այսինքն՝ որպես քահանա այլևս իրավունք չունի որևէ եկեղեցական արարողություն իրականացնելու»,– ասաց նա։
Կրիգորյանի խոսքով՝ կարգալուծությունից հետո Մելքոնյանը հայտարարել է, թե այլևս չի պատկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և փորձել է կապ հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ. «Նա ասել է, որ չի պատկանում Մայր Աթոռին, փորձել է կապ հաստատել Անթիլիասի հետ, սակայն որևէ պաշտոնական պատասխան կամ օրհնություն չի ստացել»։
Չնայած կարգալուծությանը՝ Մելքոնյանը, ըստ համայնքի ներկայացուցչի, շարունակել է կատարել եկեղեցական արարողություններ՝ առանց իրավասության։

«Ամենավտանգավորն այն է, որ նա շարունակում է կատարել մկրտություններ, պսակադրություններ, թաղումներ։ Սա անթույլատրելի է։ Հավատացյալ մարդը իրավունք չունի մասնակցելու նման արարողությունների, եթե դրանք կատարվում են իրավասություն չունեցող անձի կողմից»,– ընդգծեց Կրիգորյանը։
Խոսելով Մելքոնյանի հրապարակային գործունեության մասին՝ Կրիգորյանը նշեց, որ վերջինս սոցիալական հարթակներում տարիներ շարունակ հանդես է եկել կտրուկ քննադատությամբ՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, եպիսկոպոսների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։
«Նրա բոլոր տեսանյութերը՝ թե՛ Յութուբում, թե՛ Ֆեյսբուքում, ուղղված են Մայր Աթոռի, եպիսկոպոսների և Վեհափառ Հայրապետի դեմ։ Նա քարոզում է «Նոր Հայաստան, նոր Վեհափառ» գաղափարները»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ Կրիգորյանը շեշտեց, որ Սարգիս Մելքոնյանը որևէ իրավունք չունի հանդես գալու Բուլղարիայի թեմի անունից։
«Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Բուլղարիայի հայկական համայնքը և թեմը նման դիրքորոշում չունեն։ Ընդհակառակը, Բուլղարիայի հայ համայնքը կանգնած է Վեհափառ Հայրապետի կողքին»,- ընդգծեց Կևորկ Կրիգորյանը։
Նա նաև հավելեց, որ թեմական խորհրդի կազմում կան առանձին ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս Վեհափառ Հայրապետի դեմ դիրքորոշմամբ, սակայն դրանք չեն արտացոլում համայնքի ընդհանուր մոտեցումը։ Միևնույն ժամանակ, Վառնայի համայնքի որոշ ներկայացուցիչներ, ովքեր չցանկացան ներկայանալ, նշեցին, որ կարծիքներ կան, որ Մելքոնյանը սորոսական շրջանակներից ֆինանսավորվող անձ է և մշտապես առիթը բաց չի թողել մասնակցելու Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված ցանկացած գործողության: