Ձմեռային սեզոնի սկսվելուն զուգահեռ կրկին օրակարգում է հայտնվում տրանսպորտային միջոցների տեխնիկական պատրաստվածության հարցը։ Թեև այս պահին Երևանում առատ ձյուն կամ կայուն ձմեռային եղանակային պայմաններ դեռևս չեն արձանագրվել, սակայն անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ ձյան անսպասելի տեղումները կարող են լուրջ խնդիրներ և քաոս առաջացնել քաղաքային երթևեկությունում։
Ձյունն ու մերկասառույցը լուրջ փորձություն են բոլորի համար, կարող են տուժել և՛ մասնավոր, թե հանրային տրանսպորտի վարորդները։ Այս համատեքստում ձմեռային անվադողերը համարվում են անվտանգ երթևեկության կարևորագույն նախապայմաններից մեկը՝ ապահովելով ճանապարհի հետ առավել լավ կցում և կրճատելով արգելակման ճանապարհը ցածր ջերմաստիճանների պայմաններում։
Միաժամանակ հիշեցնենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է։ Նշված պահանջը վերաբերում է տրանսպորտային բոլոր միջոցներին և նպատակ ունի նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը ձմեռային սեզոնին։
Oragir.News-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչպես է կարգավորվում անվադողերի հարցը մեծ և փոքր դասի ավտոբուսների պարագայում։
Նրա խոսքով՝ մեծ դասի ավտոբուսների դեպքում ձմեռային անվադողերի թեման տարիներ շարունակ շահարկվում է, սակայն տեխնիկական առումով նման պահանջ գոյություն չունի։
«Ձմեռային անվադողեր ունենում են միայն փոքր դասի միկրոավտոբուսները։ Մնացած բոլոր դեպքերում կիրառվում են համասեզոնային անվադողեր։ Մեծ դասի ավտոբուսների համար առանձին «ձմեռային անվադող» հասկացություն պարզապես չկա։ Սա ընդունված մոտեցում է նաև միջազգային պրակտիկայում»,– նշեց Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ անցած ձմռանը այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ վթարային օրերին, և ներկայացվել են պաշտոնական պարզաբանումներ։
«Այս պահին, քանի դեռ ձյունը չի տեղացել, թեման ակտիվորեն քննարկվում է։ Երբ ձյունը գա, այս մասով արդեն խոսված կլինի, և գործընթացները կընթանան սահմանված կարգով»,– հավելեց նա։
Նա նաև նշեց, որ արդեն ստացվել են երեք խմբաքանակ նոր անվադողեր՝ համասեզոնային՝ մեծ դասի ավտոբուսների համար և ձմեռային՝ փոքր դասի տրանսպորտի համար։
Միաժամանակ՝
Oragir.News-ը կապ հաստատել Ներքին գործերի նախարարության հետ՝ պարզելու, թե մինչև այս պահը քանի՞ խախտում է գրանցվել ձմեռային անվադողերի պահանջի խախտման մասով, ինչպես նաև՝ ի՞նչ չափի վարչական տուգանք է նախատեսված այս պահանջը չկատարող վարորդների համար։
ՆԳՆ-ից
Oragir.News-ին հայտնեցին, որ նշված հարցերի վերաբերյալ վիճակագրական տվյալները տրամադրվում են բացառապես գրավոր հարցման միջոցով։