Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:35 15-12-2025

Պետական տուրքը չեղարկվում է․ պաշտոնյաները ԶԼՄ-ներից միլիոններ են պահանջելու․ նոր նախագիծ

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Ազգային ժողովին ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է ոչ նյութական վնասի հատուցման գործերով հայց հարուցելիս սահմանել արտոնություն՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման ձևով։

Նրա խոսքով՝ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է հանրային իշխանության մարմինների և նրանց պաշտոնատար անձանց գործողություններով կամ անգործությամբ պայմանավորված մի շարք հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն՝ որպես պարտադիր պայման սահմանելով, որ խախտումը պետք է հաստատված լինի նախաքննական մարմնի, դատախազի կամ դատարանի կողմից։ Այդպիսի պահանջները քննվում են քաղաքացիական դատավարության կարգով, ինչը ներկայումս ենթադրում է նաև հայց հարուցելիս պետական տուրքի վճարման անհրաժեշտություն։

Աննա Կարապետյանը նշել է, որ արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից պետությունը թույլ է տալիս անձի հիմնարար իրավունքի խախտում, իսկ մյուս կողմից՝ հենց այդ խախտման հետևանքների վերացման նպատակով՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելիս, անձից գանձում է պետական տուրք։

Նշվում է, որ ներկայումս առաջին ատյանի դատարանում պետական տուրքի չափը կազմում է հայցագնի 3 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 6 000 դրամը և ոչ ավելի, քան 25 միլիոն դրամը։ Նախագծով «պետական տուրքից ազատում» արտոնության տեսակը չի ընտրվել, քանի որ հայցը բավարարվելու դեպքում, գործող օրենսդրության համաձայն, պետական տուրքի վճարման պարտականությունը փոխանցվում է պատասխանող կողմին։ Այսինքն՝ փաստացի հայցվորները տվյալ կարգավորման շրջանակում ազատվում են պետական տուրքի վճարումից։

Արդարադատության նախարարի տեղակալը նաև նշել է, որ առաջարկվող փոփոխությունը կունենա զսպող նշանակություն այն անձանց համար, ովքեր կարող էին անբարեխիղճ կերպով անհիմն հայցեր ներկայացնել՝ ծանրաբեռնելով դատարանները և խաթարելով դատական իշխանության մյուս շահառուների՝ գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։

Սակայն մի շարք գնահատականներով այս փոփոխությունը, որը առաջին հայացքից ներկայացվում է որպես քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլ, իրականում կարող է ծառայել հակառակ նպատակների։ Մասնավորապես, այն կարող է էականորեն նվազեցնել որոշ պաշտոնատար անձանց ֆինանսական պատասխանատվությունը դատարան դիմելիս։

Մինչ այժմ, երբ որևէ պաշտոնյա զրպարտության հիմքով դատի էր տալիս լրատվամիջոցի կամ լրագրողի, նա պարտավոր էր վճարել իր պահանջած գումարի առնվազն 10 տոկոսի չափով պետական տուրք, ինչը գործում էր որպես զսպող մեխանիզմ և թույլ չէր տալիս ներկայացնել անհամաչափ կամ չափազանց բարձր պահանջներ։

Առաջարկվող փոփոխությամբ այդ զսպող գործիքը փաստացի վերացվում է։ Արդյունքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ պաշտոնատար անձինք առանց որևէ ֆինանսական ռիսկի կդիմեն դատարան՝ ներկայացնելով բազմամիլիոնանոց պահանջներ, ինչը կարող է հանգեցնել դատարանների ծանրաբեռնվածության աճի։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց փաստաբան Լիլիթ Թարջիմանյանի հետ, ով նշեց, որ միանշանակ նոր նախագիծը ունենալու է հակառակ ազդեցությունը։

«Նոր կարգավորումների արդյունքում դատարաններում կարող են արդեն մեծ թվով գործեր հարուցվել հատկապես լրատվամիջոցների դեմ։ Փաստացի կարող է ձևավորվել իրավիճակ, երբ այն, ինչ ներկայացվում է որպես դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու քայլ, կունենա հակառակ արդյունքը՝ գործերի կտրուկ աճ։

Թե արդյոք այս նախաձեռնությունը վերջնականապես կընդունվի և կստանա օրենքի ուժ, այս փուլում կանխատեսել դժվար է, սակայն դրա ընդունման դեպքում այն կդառնա գործող իրավական ակտ՝ համապատասխան հետևանքներով։ Այդուհանդերձ, արդեն իսկ հնարավոր է գնահատել նախագծի տրամաբանությունն ու նպատակադրումը։

Ըստ էության, նախաձեռնության նպատակն է արտոնություններ տրամադրել այն անձանց, որոնք իրենց նախնական գնահատմամբ համարում են, որ ենթարկվել են զրպարտության կամ վիրավորանքի, և ապահովել, որպեսզի վերջիններս դատական պաշտպանության իրենց իրավունքը կարողանան իրացնել՝ անկախ իրենց նյութական հնարավորություններից։ Այս մոտեցմամբ փորձ է արվում վերացնել ֆինանսական խոչընդոտները դատարան դիմելու ճանապարհին։

Ֆինանսական զսպող մեխանիզմների բացակայության պայմաններում հնարավոր է զանգվածային դատական հայցերի աճ, ինչը ոչ միայն չի թեթևացնի դատարանների բեռնվածությունը, այլ կարող է այն ավելի խորացնել՝ հատկապես լրատվականների և լրագրողների նկատմամբ գործերի ավելացման հաշվին»,- նշեց փաստաբանը։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»