Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:00 15-12-2025

Ոչխարներս, գառներս կոտորվեցին. Խնձորեսկում մանր եղջերավորների անկումը չի դադարում

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում արդեն շուրջ մեկ ամիս շարունակվում է գառների և ոչխարների անկումը։ Չնայած իրականացված ստուգումներին և նմուշառմանը՝ մինչ օրս հստակ եզրակացություն չկա կենդանիների սատկման պատճառների վերաբերյալ։

Oragir.News-ի հետ զրույցում Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավար Արմինե Սեֆյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ պետական կառույցների ներգրավմամբ։

«Արդեն միջոցառումներն իրականացվել են, Էկոնոմիկայի նախարարությունից եկել են, անալիզներ են վերցրել, սակայն մինչ օրս որևէ հստակ պատասխան չենք ստացել։ Պատասխանը եկել է, բայց նորմալ եզրակացություն չկա։ Այս պահին անկումը կարծես կանգնած է»,– ասաց Սեֆյանը։

Նրա խոսքով՝ համայնքից մարզպետարան է ուղարկվել սատկած կենդանիների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, սակայն ինքը չի կարող նշել հստակ թվեր։

«Քանակի մասին տեղեկատվությունն ուղարկել ենք, ամբողջը գրված ներկայացրել ենք։ Զանգվածային անկում չի եղել, դեպքերը վերաբերում են երկու տնտեսության»,– հավելեց համայնքապետը։

Փոխհատուցման մասով, ըստ վարչական ղեկավարի, դիմումներն արդեն ներկայացվել են, սակայն վնասի ընդհանուր գումարի չափը դեռ հայտնի չէ։

Խնդրից տուժած գյուղացի Սանասար Ղադունցն Oragir.News-ին հայտնեց, որ շուրջ 150 գառ է կորցրել, և անկումը դեռ շարունակվում է։

«Մոտ 200–250 գառ ունեի, դրանցից 100-ից ավելն արդեն սատկել է, մինչև այսօր էլ շարունակում է։ Թե ինչ հիվանդություն է՝ չենք իմանում։ Լաբորատոր նմուշներ ենք ուղարկել Գորիս, բայց պատասխան չկա»,– նշեց Սանասարը։

Նրա խոսքով՝ խնդիրը սկսվել է նոյեմբերի 20-ից, և այդ ընթացքում որևէ պատասխանատու կառույց կենդանիների վիճակը գնահատելու կամ վնասը հաշվարկելու նպատակով տեղում չի աշխատել։

«Չկա հանձնաժողով, ոչ մեկը չի եկել գնահատի։ Ասում են՝ հետո կասեն՝ ինչ կտան, բայց մինչև հիմա ոչինչ չկա»,– ասաց նա։

Գյուղացին նշում է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն գառներին, այլ նաև ոչխարներին, և ըստ նրա՝ հիվանդությունը փոխանցվում է մոր կաթի միջոցով։

«Ոչխարների մեջ հիվանդություն կա, գառներն էլ են դրանից սատկում։ Մինչև հիմա բժիշկ չկա, որ մեր դուռը գա։ Միայն Էկոնոմիկայի նախարարությունից մեկ մարդ է եկել, երկու օր մնացել, հետո գնացել, բայց մինչ այսօր չի ասել՝ ինչ հիվանդություն է»,– ասաց Սանասարը։

Նա նաև հիշեցրեց, որ երկու տարի առաջ գյուղում խոզերի անկման դեպք է եղել, որի դեպքում փոխհատուցումները նույնպես ամբողջությամբ չեն տրամադրվել։

«26 հոգուց 22-ին փոխհատուցում են տվել, 4 հոգու՝ մինչ այսօր չեն տվել։ Երեք ամիս է ամեն օր ասում են՝ կառավարությունը պիտի ճշտի»,– նշեց նա։

Գյուղացիների խոսքով՝ մինչ օրս անկման իրական պատճառները պարզված չեն, իսկ պետական մարմինների արձագանքը սահմանափակվել է նմուշառմամբ՝ առանց հստակ եզրակացության կամ գործողությունների։

«Ոչխարներս, գառներս ու խոզերս կոտորվեցին, չգիտեմ՝ ինչ ասել»,- եզրափակեց տուժած գյուղացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին