Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որտեղ Երևանի փողոցներում երևում է թուրքական՝ Ստամբուլ քաղաքին պատկանող համարանիշներով ՝ 34 fpj 104 շտապօգնության մեքենան, հանրային մեծ արձագանք էր առաջացրել։ Քաղաքացիների համար մտահոգիչ էր, թե ինչ իրավական հիմքով և ինչ պայմաններով է թուրքական երկրի համարանիշներով ռեանոմոբիլը մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։
Ավելի ուշ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ խոսքը վերաբերում է ծագումով եզդի, ՀՀ քաղաքացու տեղափոխմանը Ֆրանսիայի Կոլմար քաղաքից Երևան։ Նրա խոսքով՝ հիվանդը մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայում, իսկ բժշկական ցուցումով՝ ինքնաթիռով տեղափոխումը ցանկալի չի եղել, ինչի պատճառով ընտրվել է ցամաքային տարբերակը։
Սակայն հանրային հարցերը այսպիսով չեն սպառվում։ Քաղաքացիներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է ընտրվել հենց թուրքական համարանիշներով ռեանոմոբիլը, և ի՞նչ կարգով է այն մուտք գործել ՀՀ տարածք։
Բժշկական խնդիրը պարզելու համար զրուցեցինք ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանի հետ, հարցնելով՝ եթե հիվանդն այնպիսի վիճակում է, որ ինքնաթիռով տեղափոխումը վտանգավոր է, արդյո՞ք բժշկական առումով անվտանգ է երկար ճանապարհը ռեանոմոբիլով անցնելը։
«Ցամաքային ճանապարհի առավելությունն այն է, որ հիվանդի վիճակի վատթարացման դեպքում հնարավոր է նրան տեղափոխել մոտակա բժշկական կենտրոն։ Այդ առումով ռեանոմոբիլով երկար ճանապարհ անցնելը կարող է ավելի անվտանգ լինել»,– նշել է ռեանիմատոլոգը։
Միևնույն ժամանակ, բժիշկը շեշտում է, որ կոնկրետ դեպքի մասին վերջնական գնահատական տալ չի կարող, քանի որ ծանոթ չէ հիվանդի առողջական վիճակի մանրամասներին։
Չնայած բժշկական պարզաբանումներին՝ շարունակում են մնալ առանցքային հարցեր իրավական և պետական վերահսկողության մասին։
Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ի հետ, սակայն նրանք ասացին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման պարագայում։
ԱԱԾ-ն հասցեագրված հարցերը ն պատակ ունեն պարզելու՝ ի՞նչ իրավական հիմքով է թուրքական համարանիշներով ռեանոմոբիլը մուտք գործել ՀՀ տարածք,ո՞ր սահմանային անցակետով է իրականացվել մուտքը, արդյո՞ք մուտքը նախապես համաձայնեցված է եղել։
Ստացված պատասխանը կհրապարակվի անմիջապես այն ստանալուց հետո։
Միաժամանակ սպասում ենք նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության պարզաբանմանը՝ արդյո՞ք գործընթացը դիվանագիտական համաձայնեցում է ունեցել։
Հիշեցնենք, որ թեմային անդրադարձել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, տեղեկացնելով, որ իր երիտասարդ ազգակցին, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և գտնվում է կոմայի մեջ, ինքն է օգնել՝ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան։