Վարպետի հանդեպ անհարգալից վերաբերմունքը կարող է հանգեցնել արժեբանական քաոսի, հասարակության բարոյական քայքայման, ազգային աղետի։
Օրերս ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը տեղադրվել է Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցի բակում։ Ֆեյսբուքի հայկական տիրույթում շատերը չեն հավանում արձանը, վատաբանում հեղինակին, գյուղացիներից պահանջում՝ հանել արձանը։ Իսկ Լևոն Թոքմաջյանը հայտարարել է, որ սա համարում է իր լավագույն գործը։
Ինչպե՞ս պարզել՝ Թոքմաջյանի Սևակը գլուխգործո՞ց է, գեղեցի՞կ է, թե՞ տգեղ է, աղբ։
Խորհրդային բռնազավթման տարիներին գլավլիտ կար։ Արվեստի գործը նախքան լույս տեսնելը՝ գրաքննություն էր անցնում։ Իշխանության ձևավորած հանձնաժողովը իշխանության սահմանած չափանիշներով որոշում էր՝ ստեղծագործությունը գեղեցի՞կ է , թե՞ տգեղ։ Հաճախ արժեքավոր գործերը խոտանվում էին, արգելվում։ Իսկ լույս տեսնողները հանրահռչակվում էին իշխանության ամբողջ գործիքակազմով։ Այսինքն՝ իշխանությունն էր որոշում, թե մարդն ինչ կարդա, ինչ լսի, ինչին նայի։ Եթե ՀՀ-ն ավտորիտար երկիր լիներ և ՀՀ-ում գրաքննություն լիներ, ապա ՔՊ-ն կորոշեր՝ Թոքմաջյանի Սևակը տեղադրվի՞ դպրոցի բակում, թե՞ փշրվի ու նետվի աղբանոց։ Ոյդ որոշմանը հակառակ բան ասողը հանրային պարսավանքի կենթարկվեր։
Ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություններում գրաքննություն չկա։ Մարդն ազատ է և՛ ստեղծագործելու, և՛ այն ներկայացնելու հարցում։
Ժողովրդավարական երկրներում մշակույթի զարգացման խթանը քննադատությունն է։ Քննադատի առաքելությունն է՝ վերլուծել ստեղծագործությունը, հրապարակավ ընդգծել և՛ բացերը, և՛ դրականը, հրաշքը և այլն։ Քննադատի շնորհիվ մարդը ստեղծագործությունը տեսնում է ամբողջությամբ և գնահատում նրա գեղեցկությունը։ Եթե գործն արժանանում է քննադատությունների, ապա համարվում է արժեքավոր։ Եթե գործը քննադատների ուշադրությանը չի արժանանում, ապա համարում են, որ այն այնքան վատն է, որ քննադատները դրա մասին ասելիք, կարծիք չունեն։
Քննադատը նաև հասարակական կարծիք է ձևավորում ստեղծագործության շուրջ։ Եթե քննադատություն չկա, ապա ստեղծագործությունը կարող է սխալ ընկալվել ժողովրդի կողմից։ Մարդիկ կարող են չհասկանալ գործի արժեքը, չտեսնել գեղեցիկը, վարպետությունը, կարող են գլուգործոցը որակել աղբ, հակամշակույթը՝ գործ։
Ներկայում ստեղծվել է փակուղային իրավիճակ Թոքմաջյանի Սևակի շուրջ։ Մի կողմից տպավորություն է, թե ժողովրդի մի ստվար զանգված չի հավանում քանդակը։ Մյուս կողմից՝ հեղինակը պնդում է, թե լավագույն գուրծն է նվիրել մարդկանց։ Ժողովրդի կարծիքն արհամարհելը վիրավորական կլինի ժողովրդի հասցեին։ Արձանը հանելն էլ վիրավորական կլինի վարպետի համար։
Իհարկե՝ ժողովրդի կարծիքը կարևոր է։ Ստեղծագործության ժողովրդականությունը փառք է բերում հեղինակին, ռեալ փող։ Սակայն քննադատության բացակայության պարագայում ժողովրդականություն գեներացնելու գործիքների տիրապետողները կարող են ապազգային, հակամարդկային նպատակներով հակամշակույթ քարոզել, աղբը մատուցել որպես արժեք, ստվերել գլուխգործոցը, վատաբանել վարպետին, տեղ տալ միջակությանը և այլն։ Արժեքավոր գործերի և վարպետի նկատմամբ այսպիսի դավադրությունը հնարավոր է կանխել կամ բացահայտել ազատ, ազնիվ, խիզախ քննադատների անձնվեր աշխատանքի շնորհիվ։
Ի վերջո՝ վարպետի, ստեղծագործության մասին հակագիտական, հակամշակութային վատաբանությունները ստեղծագործողների մոտ կարող են առաջացնել գլավլիտի, գրաքննության կարոտ, ատելություն կամ արհամարհանք ժողովրդի, ժողովրդավարության հանդեպ։ Փոխադարձաբար՝ ժողովուրդը կարող է արհամարհել վարպետներին, սխալ պատկերացում կազմել գեղեցիկի, արժեքի, արժեքավորի մասին ու դեգրադացվել, դեբիլանալ։ Ժողովրդի ու մտավորականի միջև օրգանական կապի խզումն աղետալի է։ Այս աղետը կարող է և պարտավոր է կանխել քննադատը։
Պարզ ասած՝ Թոքմաջյանի կերտած Սևակի արձանի արժեքի, գեղեցկության հարցը կարող է պարզել քննադատը։ Նրա լռությունը քաղաքականություն որոշողի ապաշնորհության, անպատասխանատվության վկայությունն է։ Եվ ի վերջո՝ ամոթալի է անվրդով դիտելը, թե ինչպես են սոցհարթակներում անխնա հոշոտում վարպետին։ Նույնքան ամոթալի է արհամարհելն այն մարդկանց, որոնց կարծիքով արձանը խոտան է, չստացված, տգեղ։
Թաթուլ Մկրտչյան