Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 17:10 11-12-2025

Մենք մեր հայրենիքը չենք վնասում․ խուզարկությունների նպատակը Արցախի հարցը փակելն է

Այսօր կեսօրից Երևանի Արցախի ներկայացուցչության շենքում խուզարկություններ են ընթանում։ Քննչական կոմիտեի մի քանի տասնյակ աշխատակիցներ մտել են շենք և շարունակում են որոնումներ կատարել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկում։

Քննչական կոմիտեն միայն հայտարարել է, որ գործողությունները կատարվում են քրեական վարույթի շրջանակում, բայց չի ներկայացրել, թե ինչ գործի մասին է խոսքը։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը չի կարող լինել պարզապես իրավական գործընթաց, այլ ունի քաղաքական նպատակ։ Տիկին Հակոբյանը հաստատեց, որ ոստիկաններն ու քննչական մարմինները դեռ շենքում են և իրենց որևէ տեղեկություն չեն փոխանցում․

«Այո, շարունակվում է։ Որևէ բան չեն ասում՝ ի՞նչ են փնտրում կամ ի՞նչ են գտել։ Մեզ միայն ասում են, որ գործում են քրեական վարույթի շրջանակում»։

Նա նաև նշեց, որ իր կարծիքով՝ այս գործողությունը պատահական չէ և ունի հստակ քաղաքական կապ երեկվա խորհրդարանական լսումների հետ, որտեղ արցախցի գործիչները հայտարարել էին, որ Արցախի հավաքական վերադարձի իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում։

Տիկին Հակոբյանն ասում է, որ խուզարկությունները և արցախցի գործիչների նկատմամբ իրականացվող քայլերը ակնհայտորեն քաղաքական հետապնդումներ են։

«Իհարկե ճնշում է։ Մենք արդեն տեսել ենք բազմաթիվ օրինակներ։ Պատգամավոր Դավիթ Գալստյանը հինգ ամիս կալանքի տակ է, բայց որևէ ապացույց չի ներկայացվել։ Նույնը կատարվում է համայնքապետերի ու այլ արցախցիների հետ։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է»։

Նրա խոսքով՝ այս ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են լռեցնել Արցախի թեման բարձրանողներին։ Պատգամավորը կարևորեց, որ իրենք խաղաղ են պայքարում և չեն դիմելու փաշինյանական բռնի մեթոդների։

«Մենք չենք ավերում, չենք կոտրում, չենք փշրում։ Մեր քայլերը խաղաղ են։ Մենք չենք ուզում վնասել Հայաստանին, որովհետև Հայաստանը մեր հայրենիքն է, ինչպես Արցախը»։

Տիկին Հակոբյանն ընդգծեց, որ Արցախի համար պայքարը Հայաստանի անվտանգության համար է, քանի որ Արցախի հարցը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է։

«Նրանք մտածում են, որ Արցախի հարցը լուծված է։ Ցանկանում են, որ ոչ մի այլ քաղաքական օրակարգ չլինի իրենց օրակարգից դուրս։ Բայց իրականում սա ավելի խորքային գործընթաց է։ Այն, ինչ արեցին Արցախում, հիմա փորձում են կրկնել Հայաստանում»։

Մետաքսե Հակոբյանը նշեց նաև, որ վերջին օրերին ակնհայտ էր Ադրբեջանի ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա։

«Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հստակ պահանջներ էին դնում Հայաստանի իշխանությունների առաջ՝ Արցախի կառույցների վերաբերյալ։ Ցավոք, այդ պահանջները կատարվեցին։ Արցախի հարցը մենք չենք բացել, բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ որևէ մեկը այն համարի փակված։ Մենք շարունակելու ենք, անկախ ճնշումներից, ձերբակալություններից կամ խուզարկություններից»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան