Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:45 05-12-2025

Շների զանգվածային քնեցումը չի արգելվել. կենդանապաշտպանները մտահոգված են, նրանց չեն լսել

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջին ամիսներին դարձել է լուրջ քննարկումների և դժգոհությունների թեմա։ Տարիներ շարունակ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարում են, որ ներկայացված օրենսդրական փաթեթն ունի էական բացեր և վտանգներ, որոնք կարող են հանգեցնել կենդանիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացների։

«Կենդանիների Իրավունքների Պաշտպանության Դոգմա» ՀԿ-ն նամակ է գրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, պատգամավորներ Մերի Գալստյանին, Արուսյակ Մանավազյանին և ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովին՝ ներկայացնելով օրենքի նախագծի վերամշակման անհրաժեշտությունը։ Դիմումին միացել են մի շարք այլ կազմակերպություններ՝ «Դինգո», «Փոուզիթիվ», «Փրկենք կենդանիներին», «Լեդի», ինչպես նաև անհատ կամավորներ ու մասնագետներ։
Նրանք պահանջում են՝ ստեղծել միջգերատեսչական փորձագիտական խումբ, կազմակերպել բաց ու իրապես հանրային խորհրդարանական լսումներ, դադարեցնել նախագծի առաջխաղացումը մինչև դրա ամբողջական վերամշակումը, վերանայել լիազորությունների բաշխումը, հանրային վերահսկողության մեխանիզմները, սկզբունքներն ու պատասխանատվության չափերը, սահմանել օրենքի փուլային ուժի մեջ մտնելու կարգ, բացառել ակնհայտ անկատարելի պահանջները։

«Դինգո» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Մանուշակյանը Oragir.News-ին հայտնեց, որ նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, հատկապես՝ իրական քննարկումների բացակայության պատճառով։

«Մոտ մեկ ամիս առաջ մենք հանդիպում ենք ունեցել, և այդ օրից սկսած մի շարք կենդանասեր ու կենդանապաշտպան կազմակերպություններ իրենց դժգոհությունն են հայտնել նախագծի վերաբերյալ, քանի որ դրա մեջ առկա են բազմաթիվ լուրջ բացեր։ Այնուամենայնիվ, այսօր ԱԺ ամբիոնից պատգամավորը հայտարարեց, թե իբր բոլոր կենդանապաշտպան կազմակերպությունները նախագծին տվել են իրենց հավանությունը»,- նշեց նա։

Մանուշակյանի խոսքով «Դինգոն» և մյուս կազմակերպությունները չեն տվել որևէ հավանություն։ Բացի այդ՝ գործընթացին մասնակցած երեք անասնաբուժական կլինիկաներից և ոչ մեկը համաձայնություն չի տվել նախագծին։

«7–8 նամակ ենք ուղարկել՝ պահանջելով մասնագիտական քննարկումներ, բայց մեզ չեն ներկայացրել անգամ այն մասնագետների անունները, որոնք ներգրավված են եղել նախագծի մշակման մեջ։ Ստացվում է, որ ինչ-որ կազմակերպություն հանդիպել է առանց մեզ, և այդ հանդիպման հիման վրա պատգամավորն ասում է՝ «բոլոր կենդանապաշտպան կազմակերպությունները» համաձայնություն են տվել։ Դա իրականությանը չի համապատասխանում, և ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ողջ համայնքի անունից խոսելու»,- նշեց մեր զրուցակիցը։

«Կենդանիների Իրավունքների Պաշտպանության Դոգմա» ՀԿ նախագահ Մարի Տեր-Անտոնյանն Oragir.News-ին ասաց, որ ամիսներ շարունակ իրենք գրավոր դիմումներ են ուղղել պատգամավորներին ու հանձնաժողովներին՝ բարձրացնելով օրինագծում առկա համակարգային խնդիրները։

Տեր-Անտոնյանի խոսքով՝ օրինագիծն ունի մի շարք բացեր․

«Օրինագծում բացակայում են ամենակարևոր դրույթները՝ ստերջացումը որպես միակ մեթոդի հստակ ամրագրումը, կենդանիների քնեցումը որպես թվաքանակի կարգավորման միջոց արգելելու հստակ դրույթը, հանրային վերահսկողության ապահովումը և համայնքներին անսահմանափակ լիազորություններ տալու կանխարգելումը։ Այլապես այս ամենը վերածվելու է բացարձակ կոռուպցիայի, անգրագիտության և կենդանիների ոչ մարդասիրական վերաբերմունքի» ։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հենց համայնքներում իրականացվող ստերջացման ծրագրերի մրցույթների շուրջ արդեն իսկ արձանագրվել են կոռուպցիոն ռիսկեր, իսկ գործընթացների մեծ մասը ղեկավարում են ոչ մասնագետներ։

«Տիկին Գալստյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «բոլոր ՀԿ-ների հետ քննարկել են», ինչը ակնհայտ սխալ տեղեկատվություն է։ Մեր ունեցած պատկերացմամբ՝ այդ քննարկումներին մասնակցել է ընդամենը մեկ կամ երկու կազմակերպություն և մեր հարցումները, թե ովքեր են եղել այդ քննարկմանը, մնացել են անպատասխան»,- ընդգծեց Տեր-Անտոնյանը։

Oragir.News-ին հասած տեղեկություններով՝ այդ «քննարկումներին» մասնակցել է Հրանտ Դավոյանը, սակայն իր հետ կապ հաստատելու փորձերը ապարդյուն են եղել։

Կենդանապաշտպանները մտահոգիչ են համարում նաև այն դրույթը, ըստ որի՝ կենդանապաշտպան կացարանները պետք է տարեկան վճարեն 50.000 դրամ պետական տուրք։ Կազմակերպությունները նշում են, որ կամավորների միջոցներով գործող կացարանները իրականացնում են այն աշխատանքը, որը պետք է ապահովի պետությունը, ուստի նրանց վրա տուրք սահմանելը անարդար է։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է 200 000 դրամ տուգանք կենդանուն ոչ մասնագետի կողմից օգնություն ցուցաբերելու համար։ ՀԿ-ների դիտարկմամբ՝ Հայաստանում անասնաբուժական ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, և այս դրույթը հարյուրավոր կամավորների համար կարող է դառնալ պատժիչ միջոց։

ՀԿ-ները պնդում են, որ օրինագծի մշակման և ներկայացված «քննարկումների» վերաբերյալ տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Գոհար Մանուշակյանի խոսքով՝ ոչ իրենք, ոչ էլ այլ ակտիվ կազմակերպություններ չեն մասնակցել այդ քննարկումներին, և նրանց գրավոր հարցումները այդ թեմայով դեռ պատասխան չեն ստացել։

«Ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ողջ կենդանասիրական համայնքի անունից որոշումներ կայացնելու։ Եթե ասում են, որ բոլոր ՀԿ-ները տվել են իրենց համաձայնությունը, ապա դա չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա։

Կազմակերպությունների քննադատության հիմնական թեզերից մեկն էլ այն է, որ օրինագծով մարզպետներին տրվում է լիազորություն՝ որոշելու կենդանու ճակատագիրը՝ ապրել, թե ոչ։ Կենդանապաշտպանները սա համարում են «անթույլատրելի և վտանգավոր» դրույթ։

Չնայած կենդանապաշտպան համայնքի քննադատությանը՝ օրինագիծը օրերս ստացել է դրական եզրակացություն։ Նախագծով սահմանվում են կենդանիների մի շարք կատեգորիաներ՝ տնային, թափառող, ծառայողական, ցուցադրման կամ սպորտային նպատակներով օգտագործվող կենդանիներ, ինչպես նաև՝ դրանց հետ կապված իրավահարաբերությունները։

Կենդանապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ շարունակելու են իրենց պայքարը՝ պահանջելով օրինագծի ամբողջական վերամշակում և հանրային լսումներ և մասնակցային քննարկում։