«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը բավարար միջոցներ ունի կենսաթոշակները բարձրացնելու համար, սակայն չի անում դա՝ ներկայացնելով «կիսատ-պռատ» լուծումներ։
Չալաբյանի խոսքով՝ իրենց նախորդ ասուլիսին հաջորդած 2.5 ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ կառավարությունը հաջորդ տարում չի նախատեսում իրական քայլեր ձեռնարկել կենսաթոշակների էական բարձրացման ուղղությամբ։
«Բյուջեի քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ կառավարությունն իրական լուծում չի առաջարկում։ Փոխարենը առաջարկվում է հետվճարի բարձրացում 6000-ից մինչև 10 000 դրամ, ինչը լավագույն դեպքում որոշ թոշակառուների եկամուտը կբարձրացնի ընդամենը 8 տոկոսով։ Բայց այդ միջոցը չի ընդգրկում բոլոր թոշակառուներին, քանի որ նրանց հիմնական ծախսերը՝ գույքահարկ, կոմունալներ, տրանսպորտ, հետվճարի ենթակա չեն»,– նշեց նա։
Չալաբյանը հիշեցրեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, ըստ որի՝ հավելյալ ֆինանսավորում հնարավոր է միայն այն դեպքում, եթե բյուջեն թույլատրի։ «Դրանից հետո նախարարն իր ֆեյսբուքյան էջում տարածեց մի տեսագրություն, որտեղ մեր հիմնավորված պահանջը որակեց որպես հիբրիդային հարձակում՝ հայտարարելով, թե կենսաթոշակների բարձրացումն անհնար է, քանի որ բյուջեում այդպիսի միջոցներ չկան»,– ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ նախարարի այս պնդումը «բացարձակ սուտ» է․ «2026-ի պետական բյուջեի ծախսային մասը 2025-ի համեմատ աճում է 187 միլիարդ դրամով։ Միաժամանակ պաշտպանական ծախսերը կրճատվում են մոտ 100 միլիարդով։ Այսինքն՝ բաշխման ենթակա հավելյալ միջոցների ծավալը կազմում է ավելի քան 287 միլիարդ դրամ։ Այդ միջոցների ընդամենը 30 տոկոսի ուղղումը բավարար էր, որպեսզի կենսաթոշակները առաջին փուլում 25 տոկոսով բարձրանային, եթե հիշում եք՝ մենք առաջարկում էինք 2 տարում 50 տոկոս բարձրացնել, առաջին մասն են անում այսինքն»։
Նա ընդգծեց, որ փոխարենը կառավարությունը հավելյալ միջոցները նախատեսում է այլ «կասկածելի» ուղղություններով, այդ թվում՝
• պետական պարտքի սպասարկման աճ՝ 28 միլիարդ դրամով,
• ճանապարհաշինարարական ծախսերի 30 տոկոս բարձրացում՝ շուրջ 29 միլիարդ դրամով,
• վարկային ու մաքսային ծառայությունների ծախսերի աճ՝ 5 միլիարդ դրամով,
• պարտադիր բժշկական ապահովագրության նախագիծ՝ 111 միլիարդ դրամով։
«Այս միջոցների գոնե կեսը բավարար կլիներ մեր բարձրացրած խնդրի լուծման համար, սակայն կառավարությունը շարունակում է պնդել, որ բյուջեում գումար չկա»,– նշեց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հաստատել է, որ իշխանությունները պատրաստվում են իրականացնել միայն հետվճարների բարձրացում, իսկ կենսաթոշակների էական բարձրացում առաջիկայում չի նախատեսվում։