Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:50 04-12-2025

Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է դնում, մինչդեռ թուրք գրողը այդ մասին վեպ է գրում

Մերի Հակոբյան

Լրագրող

Մինչ Հայաստանում իշխանությունները փորձում են հանել Ցեղասպանության հարցը օրակարգից, իսկ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Ցեղասպանության հարցը՝ նշելով, որ «դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ», զուգահեռ լույս է տեսել թուրք գրող Ահմեթ Ալթանի «Օսմանյան քառյակ» շարքի վերջին հատորը՝ «Այն տարի» վերնագրով, որն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։

Գրքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել նաև Քլարկի համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավար, թուրք պատմաբան և հետազոտող Թաներ Աքչամը, որը տարիներ շարունակ ենթարկվում է թուրքական ծայրահեղ ազգայնամոլական շրջանակների հալածանքներին։

Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակ լինելը վաղուց գաղտնիք չէ։ Հատկապես վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի միանձնյա իշխանության պայմաններում բազմաթիվ մտավորականներ ստիպված են եղել լքել երկիրը։ Շատերը ենթարկվել են հետապնդումների, իսկ որոշների դեպքում հարցը հասել է կալանավորման ու նույնիսկ դատապարտման։

Էրդողանի վարչակարգի «զոհերից» մեկի օրինակն է ժամանակակից գրող, լրագրող և հրապարակախոս Ահմեթ Ալթանը։ Վերջինս մեղադրվել էր 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ և մեկ տարի անց դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Սակայն բողոքարկումներից հետո դատավճիռը վերանայվեց, և 2021 թվականին Ալթանը ազատ արձակվեց։ Նա լայնորեն հայտնի է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հրապարակային հայտարարություններով՝ մի քայլ, որը Թուրքիայում շարունակում է մնալ բարձր ռիսկային՝ ՔՕ 301-րդ հոդվածի պատճառով, որով անհատները ենթարկվում են պատասխանատվության «թուրք ազգին վիրավորելու» մեղադրանքով։

Բանտում գտնվելու տարիներին Ալթանը շարունակել է աշխատել իր «Օսմանյան քառյակ» շարքի վերջին գրքի վրա, որի ստեղծման գործընթացը սկսել էր դեռ 1998 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1915 թվականին՝ ընթերցողին տեղափոխելով Օսմանյան կայսրության պատմության այն շրջանը, երբ նույն տարում միահյուսվել են ինչպես կայսրության ռազմական հաղթանակները, այնպես էլ՝ մարդկային մեծագույն աղետը։ Գիրքը ներկայացնում է Դարդանելիի արշավանքը (Գալիպոլիի մարտ), որը թուրքական գրականության մեջ քիչ ուսումնասիրված թեմա է, և այն համադրում է 1915-ի ողբերգական իրադարձությունների հետ՝ ներկայացնելով կայսրության պատմության ամենաբուռն փուլերից մեկը։

Ալթանը Publishers Weekly-ին տված հարցազրույցում խոսել է ստեղծագործական գործընթացի, դրա բարդությունների և կայսրության «մութ կողմերի» մասին՝ ընդգծելով գրականության դերը պատմական ու հուզական ճշմարտության փոխանցման գործում.

«Գրականությունը ոչ միայն պատմական ճշմարտությունն է բացահայտում, այլև թույլ է տալիս հուզական կապ հաստատել անցյալի իրադարձությունների հետ։ Մտավոր ցնցումը, որը մարդ զգում է՝ կարդալով երեխայի սպանությունը դիտող կնոջ ապրումների մասին, շատ ավելի խորն է, քան արձագանքը «մեկ միլիոն մարդ սպանվեց» փաստական պնդմանը։ Առաջինը օգնում է շատ ավելի լավ հասկանալ ամբողջ ճշմարտությունը»,– ասել է գրողը։

Այս տարի՝ 27 տարվա աշխատանքից հետո, «Այդ տարի» վեպը հրատարակվել է «Էվերեստ» հրատարակչության կողմից։

Վեպի գլխավոր հերոսներն են Դարդանելի հրետանու հրամանատար, գնդապետ Ռագըփ Բեյը և պատերազմի տարիներին անհետացած հայ կինը՝ Էֆրոնյան։ Ստեղծագործությունը ներկայացնում է նրանց միջև ձևավորված սիրային պատմությունը՝ ընդգծելով սպայի՝ հայրենիքի համար մղվող պայքարի և նրա սիրելիի՝ նույն վարչակարգի կողմից աքսորվելու ողբերգական հակասությունը։

Համադրելով Էֆրոնյայի տառապանքները գաղթի ճանապարհին ու Ռագըփի ապրումները առաջնագծում՝ Ալթանը մանրամասն ներկայացնում է այն ժամանակաշրջանը, երբ կայսրությունը միաժամանակ ապրել է և՛ հաղթանակ, և՛ ամոթ։ Անհատական պատմությունների միջոցով վեպը վերհանում է, թե ինչպես իշխանական որոշումները հանգեցրին կայսրության փլուզմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան