Չնայած այն հանգամանքին, որ Գյումրիի ավագանին դեռևս չի հաստատել քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծրագիրը՝ Գյումրիում սկսվել են տոնածառի տեղադրման աշխատանքները։ Այս տարի ոչ թե նախորդ տարվա տոնածառը կտեղադրվի, որը կառավարության միջոցներով էր ձեռք բերվել, այլ կտեղադրվի քաղաքի հին տոնածառը՝ 28 մետր բարձրությամբ։ Անցած տարի ՔՊ-ականները հրաժարվեցին այդ տոնածառից։
Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ.պ. Անդրանիկ Չադրյանը հայտարարեց, որ անցած տարվա տոնածառը տեղադրվելու է Մուշ թաղամասում։
«Գյումրին մեծ տոնածառ է ունենալու։ Մեր պլանավորած ընթացքով գնալու ենք, դեռ արտառոց ոչինչ չկա։ Մեր առաջվա մեծ տոնածառն ենք տեղադրելու։ Գյումրեցի երեխեքը մեղավոր չեն, որ քաղաքական դաշտում տարաձայնություններ կան, և ինչ-որ մեկը, օգտվելով լծակի ծանր կողմից՝ ուզում է խոչընդոտ հանդիասանալ։
Տոնածառը կապ չունի քաղաքական թեմաների հետ, մարդ ինչքան պիտի փոքր հոգի ունենա, որ խանգարի, որ էդ ձևով վարկաբեկի ՏԻՄ-ի աշխատանքը»,- ասում է Չադրյանը։

Նշենք, որ վաղը Գյումրիի ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծրագրին։
«Անկախ այն հանգամանքից, թե ավագանու նիստով կհաստատվի, թե չէ՝ տոնածառը տեղադրելու ենք։ Ավագանու նիստում եթե ծրագիրը հաստատվեց, ապա ամեն ինչ շատ շքեղ կլկնի, իսկ եթե չընդունվեց, ապա ինչ ունենք ձեռքի տակ՝ դրանով էլ կանենք, որ մեր ժողովուրդը ուրախանա։ Չտեղադրելու պատճառ չունենք»,- ընդգծեց Անդրանիկ Չադրյանը։
Գյումրիի Ամանորի զարդ ու զարդարանքը, Չադրյանի հաշվարկներով, մոտ 24 մլն դրամ է, բայց այս թիվը վերջնական չէ։
Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրիի քաղաքապետարանում կառավարման ճգնաժամով պայմանավորված՝ Գյումրիի տոնածառը տեղադրվեց ոչ թե քաղաքի բյուջեի հաշվին, այլ կառավարության միջոցների։
Նշենք, որ Շիրակի մարզպետի աշխատակազմին այս նպատակով հատկացվել է 20 մլն 100 հազար դրամ։